Մասնագետներն անընդունելի են համարում երեխայի իրավունքների ոտնահարումը ծնողների վեճերի ժամանակ
SocietyԱմուսնաընտանեկան վեճերով դատական ակտերի հարկադիր կատարում պահանջող կատարողական թերթերի թվի աճ է արձանագրվել: Եթե 2010-2011թվականների ընթացքում կատարողական թերթերի քանակը չի գերազնացել 700-ի սահմանագիծը, ապա 2013-2014 թվականների ընթացքում ստացվել է 1000-ից ավելի կատարողական թերթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանը նշեց, որ կատարողական թերթերի բնույթը տարբեր է` ալիմենտի բռնագանձում, երեխաների տեսակցության կազմակերպում, երեխային մի ծնողից մյուսին հանձնել: Նրա խոսքով՝ կատարողական թերթերի թվի աճը պայմանավորված է նաև ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությամբ: Ըստ Բարսեղ Ներկարարյանի` առանձնակի կարևորություն է տրվել բաժնի աշխատակիցների ընտրությանը:
«Ընտրվել են մանկավարժական և հոգեբանական աշխատանքներ իրականացնելու կարողություններով օժտված այնպիսի հարկադիր կատարման աշխատակիցներ, որոնք կարողանում են ապահովել ամուսնալուծված ծնողների և երեխաների շփումը, կատարել միջանձնային հարաբերությունները ջերմացնելու, ալիմենտային գումարների բռնագանձման գործառույթները»,-ասաց Բարսեղ Ներկարարյանը: Ծառայությունում առկա են առանձնակի բարդությամբ վարույթներ, որոնց ընթացքում ներգրավվում են հոգեբաններ:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Արկադի Մեհրաբյանը նշեց, որ ծնողները փորձում են օգտագործել երեխաներին` միմյանց վրա ճնշում գործադրելու համար: Ծնողները չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել և անտեսում են երեխայի շահերը, ինչն անթույլատրելի է:
ՀՀ ԳԱԱ ընտանեկան հոգեբանության դասախոս Մարիամ Մեհրաբյանի խոսքով, ամուսնալուծված զույգերի, նրանց ծնողների հետ աշխատում է առանձին մասնագետ, երեխայի հետ` այլ մասնագետ: «Դրանք ընտանիքներ են, որտեղ բարձր է թե´ ֆիզիոլոգիական, թե´ հոգեբանական անհամտեղելիությունը, բացակայում է երկխոսությունը: Նման դեպքերում տուժում և խոցելի է դառնում երեխան: Շատ հաճախ ծնողների կողմից հուզական շանտաժ է իրականացվում` երեխային դարձնելով գործիք:Ասվում է՝ եթե գնաս մայրիկի մոտ, ապա նա կկորի և դու այլևս չես տեսնի, նույնը ասվում է նաև մոր կողմից: Նման դեպքերում մասնագետների գերակա խնդիրն է լինում պաշտպանել երեխային իր իսկ ծնողներից»,-ասաց Մարիամ Մեհրաբյանը:
Ծառայության Արտաքին կապերի բաժանմունքի առաջին կարգի խորհրդատու, հոգեբանների հետ աշխատանքը համակարգող Զարմինէ Չիդեմյանն էլ նշեց, որ երեխաների հետ աշխատանքը մեծ ուշադրություն պահանջող գործառույթներից է: Կարևորելով երեխայի հարմարավետությունը տեսակցությունների ընթացքում` ծառայության կողմից կառուցվել է հանդիպումների, տեսակցությունների կազմակերպման համար առանձին սրահ: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմաններն ավելի անմիջական մթնոլորտ ապահովելու համար: Բոլոր նախաձեռնությունների նպատակը մեկն է՝ համատեղ ջանքերով կարգավորել ընտանիքների խաթարված հարաբերությունները: