ԱՄՆ-ի անպատասխանատու քաղաքականությունը կհանգեցնի «սառը» պատերազմի. Նարիշկին
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարած ցինիկ և անպատասխանատու քաղաքականությունը միջազգային հանրությանը կտանի դեպի նոր «սառը պատերազմի» սկիզբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Դրա նորացված տարբերակը մեր օրերի իրականությունն է դառնում»,- ասել է Նարիշկինը` ելույթ ունենալով Պետդումայի նիստում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում տիրող քաոսը չի կանգնեցրել նրանց, ովքեր հրահրել են այն կես տարի առաջ:
«Երկար սպասված կրակի դադարեցման ռեժիմը ժամանակավորապես կասեցրել է զանգվածային արյունահեղությունը, սակայն Ուկրաինայում շարունակվում են ճգնաժամն ու առճակատումը»,- ասել է Նարիշկինը:
Բացի այդ, Պետդումայի խոսնակը նշել է, որ համաեվրոպական տարածքին սպառնում է փլուզում, իսկ եվրոպական երկրների քաղաքացիները սկսում են գիտակցել, որ Վաշինգտոնի հրահանգներին հետևելը զրկում է իրենց երկիրն ինքնիշխանությունից:
Նարիշկինի խոսքով՝ այս ամենի արդյունքում քաղաքացիներն ու մեծ թվով երկրների բիզնեսն իրական տնտեսական վնաս են կրում, իսկ համաեվրոպական տարածքին «սպառնում է ապակայունացում, իսկ հետագայում նաև փլուզում»: