Թաթուլ Մարգարյանը Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
PoliticsԼյուքսեմբուրգում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երախտիքի խոսք ուղղելով լյուքսեմբուրգյան կողմին` դեսպան Մարգարյանը նշել է, որ այս տարվա մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգի խորհրդարանն իր արժեքավոր ներդրումն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարում:
ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային արդի հարցերի: Զրուցակցի խնդրանքով Թաթուլ Մարգարյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման, տարբեր եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են նաև գործարար կապերի ակտիվացմանն ուղղված քայլեր, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործակցության ծավալման հնարավորությունները: