Բուխարեստում կայացավ Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գրքի» շնորհանդեսը
CultureԲուխարեստի Կանտակուզինո պալատում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ հայազգի գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գիրքը» (Cartea poemelor mele nescrise, Ed. Polirom, Bucuresti 2015) շնորհանդեսը, որը հեղինակը բնութագրել է որպես որոշ չափով ինքնակենսագրական:
Միջոցառման հրավիրյալների թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչանուն, նախկին ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Շնորհանդեսը զուգակցվել է երաժշտությամբ եւ ասմունքով: Ելույթներ են ունեցել բանաստեղծ Մարիան Դրագիչը եւ գրաքննադատ Ալեքս Շտեֆանեսկուն: Վերջինս ընդգծել է Ոսկանյանի ինտելեկտն ու հումորը.
«Ոսկանյանի հիմնական որակը իր եռացող ինտելեկտն է: Չափազանց խելացի եւ ստեղծարար է: Թվում է` նրա գիրը ֆոսֆոր է պարունակում, ինչ որ փայլուն բան»: Շտեֆանեսկուն գնահատել է նաեւ Ոսկանյանի ստեղծագործության մեջ հայկական մշակույթի առկայությունը եւ նշել, որ նրա գրքերում «արժեւորվում է հայկական ավանդույթի մոռացված ֆոլկլորը»:
«Մեզ մոտ հայկական ավանդույթները չափազանց քիչ են գնահատված: Այդ պատճառով էլ հավատացած եմ, որ «Շշուկների մատյանը» արժանի է Նոբելյան մրցանակի, առանց որեւէ չափազանցության, քանի որ նորություն է բերում»,- ավելացրել է գրաքննադատը: Նրա կարծիքով, Վարուժան Ոսկանյանը կենդանացնում է ռումինական մշակութային կյանքը:
«Իմ չգրված պոեմների գիրքը» պատմում է պատերազմից հետո ծնված երեխաների տխուր սերնդի մասին, որոնց համար 1989թ. դեպքերը չեն թուլացրել ողբերգության չափը, ինչպես նաեւ ընդգծում է պոետի վիճակն իսկությունից զուրկ աշխարհում: