Ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում մի կրակոցով երկու նապաստակ որսել
AnalysisԱմեն անգամ այս կամ այն համապետական նշանակություն ունեցող ընտրության ժամանակ լակմուսի թղթի էֆեկտով տեսանելի է դառնում, թե իշխանություններն ինչ աստիճանի են կախված թաղային հեղինակություններից: Բնականաբար, համագործակցությունն ունի նաև իր կոմերցիոն հատվածը, սակայն ամենանողկալին այն է, որ իշխանությունների կողմից «լավ տղաներին» տված թաղում անարգել ֆռֆռալու հերթական քարտ բլանշը երկար ժամանակ չի կորցնում իր վաղեմության ժամկետը: Ընտրություն լինի, թե հանրաքվե, նույնն է թաղի տղաների համար, կարևորը առիթն է, որի ժամանակ ևս մեկ անգամ նրանք հնարավորություն են ստանում թաղում ցուցադրել իրենց կարևորության աստիճանն ու «ուժը»:
25 տարուց ավելի է, ինչ ջրի երես բարձրացած այդ «տիղմը» ոչ միայն պղտորում է մարդկանց «խմելու ջուրը», այլև ցույց տալիս, որ օրվա իշխանությունների միակ ու անկրկնելի հենարանը հենց այդ մարդախումբն է: Տխուր է, բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Չնայած հասարակությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նմաններին դիմակայելու հարցում, սակայն ամենատխուրն այն է, որ ամեն անգամ կրկին ու կրկին իշխանություններն ի լուր աշխարհի ցուցադրում են սեփական երկում իրենց ունեցած անզորության չափը: Եվ ամենևին էլ ամոթալի չէր լինի, եթե իշխանության այս կամ այն նախաձեռնությունը կյանքի չկոչվեր: Ընդհակառակը, իշխանությունները դրանով ցույց կտային, որ ավելի շատ հարգում են ժողովրդի կարծիքը, քան փողոցում կանգնած անգործ մանկլավիկի մեկօրյա «ծառայությունը», ինչն էլ իր հերթին ցույց կտար թաղի «լավ տղաներին», որ իրենք այլևս իշխանություններին պետք չեն: Այդպես հանգիստ կլիներ և՛ հասարակության, և՛ թաղի լավ տղայի, և՛ իշխանության համար: Բայց ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում ավելի օրիգինալ լինել ու նման քայլերով ավելի վստահ առաջ շարժվել, քանի որ նման դեպքում կկարողանար ընդամենը մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ ու դեռ մի բան էլ՝ որպես պարգևատրում, կբարելավեր իր դիրքերը վստահության սանդղակում:
Արմինե Գրիգորյան