Արծվիկ Մինասյանը քաղաքական ուժերին կոչ է անում գործել միասնաբար
ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որոնց միջոցով ցանկանում է հասնել կառավարման մոդելի փոփոխությանը: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅդ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, և սա կոնյունկտուրային մոտեցում չէ, այլ մոտեցում է, որը մենք արտահայտել ենք տարիների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ իրենք ցանկանում են հասնել կառավարման մոդելի փոփոխության, քանի որ փորձը ցույց է տվել, որ գործող կիսանախագահական համակարգն իրեն չի արդարացրել, և երկրում առկա բոլոր բացասական երևույթները ձևավորվել են հենց կառավարման կիսանախագահական մոդելի արդյունքում: «Մենք չենք ասում, որ փոխելով կառավարման մոդելը՝ առկա բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն սրանով մենք կարող ենք այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջին լուրջ քայլն անել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը՝ ընդգծելով, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության բոլոր ճյուղերը զրկված են ինքնիշխանությունից:
Ներկայիս կառավարման մոդելի մյուս բացասական դրսևորումն Արծվիկ Մինասյանը համարում է դատական համակարգի թերությունները: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով հնարավոր կլինի ձևավորել անկախ դատական համակարգ, ինչը շատ կարևոր նշանակություն ունի:
Պատգամավորի խոսքով՝ մեկ այլ կարևոր խնդիր է մարդու իրավունքների գերակայության ապահովման մեխանիզմների ամրագրումը: Այս հարցի լավագույն լուծումը նույնպես պատգամավորը տեսնում է սահմանադրական բարեփոխումների իրականացման մեջ:
Եզրափակելով ելույթը՝ Արծվիկ Մինասյանը քաղաքական ուժերին կոչ արեց միասին քննարկել և իշխանություններին ներկայացնել այն փոփոխությունները, որոնք իրենք ցանկանում են տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի իշխանությունները հետագայում վերարտադրվելու հնարավորություն չունենան, եթե մենք ցանկանում ենք ունենալ կառավարման արդյունավետ համակարգ և դեպի զարգացում գնացող Հայաստան, մենք պետք է միասին քննարկենք և ներկայիս իշխանություններին ներկայացնենք մեր փաթեթը, որը ցանկանում ենք տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Սա է երկիրը դեպի զարգացում տանող միակ ճանապարհը, ինչի մասին Դաշնակցությունը խոսել է բազմաթիվ անգամ»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը նաև ներկայացրեց այն առաջնահերթ փոփոխությունները, որ իրենք ցանկանում են ստանալ սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Առաջին կարևոր հարցը պատգամավորն անկախ ընտրական մարմին ունենալն է համարում, երկրորդը՝ ընդդիմությանը վերահսկողության լուրջ լծակների տրամադրումը և նրա դերի էական բարձրացումը: