Կույրերի միավորման կազմակերպությունների վճարած ԱԱՀ-ն հնարավոր է փոխհատուցի պետությունը
EconomicsՀՀ կառավարությանն առաջարկվում է փոխհատուցել Հայաստանի կույրերի միավորման անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2015 թվականի ինը ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ:
Համապատասխան առաջարկով նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
«Ելնելով այն իրողությունից, որ համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվել են աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մեջ, ուստի առաջարկվում է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից փոխհատուցել նաև Միավորման կազմակերպությունների կողմից 2015 թվականի ինն ամիսների ընթացքում վճարված եկամտահարկի 61.19 տոկոսը, որն ըստ միավորման կողմից ներկայացված հաշվարկի կազմում է 15 մլն 503 հազ.դրամ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծի նպատակն է խթանելու Միավորման անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելու և հասարակությանն ինտեգրելու նպատակով` պետական բյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Միավորման անդամ հանդիսացող ընկերություններում աշխատող հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության ապահովումը: