ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խմբի նախագահ
EconomicsԵվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 16-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խմբի նախագահ՝ 2016թ. հունվարի 1-ից, երկու տարի ժամկետով։ 47 անդամ երկրների դեսպաններից բաղկացած ԵԽ նախարարների պատվիրակների կոմիտեն միաձայն հավանություն է տվել դեսպան Պապիկյանի թեկնածությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողների խումբը ԵԽ նախարարների կոմիտեի առանցքային կառույցներից է, որտեղ քննարկվում և նախարարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվում Եվրոպայի խորհրդի ծրագրային առաջնահերթությունները, բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները, կադրային և վարչական կառավարման այլ խնդիրներին առնչվող հարցեր։