Երևանում կանցկացվի «Վազիր և օգնիր» կարգախոսով ամանորյա վազք
SocietyԵրևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ դեկտեմբերի 20-ին կազմակերպում է «Ամանորի բարի վազք» խորագրով բարեգործական վազք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ձմեռ պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի` երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Ամանորյա վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ, մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ: Վազքը կմեկնարկի դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին: Մեկնարկը և ավարտը նախատեսվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ կլինի DJ, երաժշտություն և կահավորված բեմ:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը: