Տարոն Մարգարյանը կարևորում է իրանական քաղաքների հետ համագործակցության ընդլայնումը
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ:
«Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք անչափ կարևորում ենք նաև փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի: Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ արդյունավետ: Ըստ այդմ, մենք պատրաստակամ ենք նմանատիպ կապեր հաստատել նաև մայրաքաղաք Թեհրանի հետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար` դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և իրանական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի փոխգործակցություն ծավալվի նաև Երևանի և Թեհրանի միջև:
«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավարար են արձանագրելու, որ Երևանը դինամիկ զարգացող քաղաք է և մեծ ներուժ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Ու վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործնական կապեր հաստատվեն նաև Երևանի ու Թեհրանի միջև, ինչը, համոզված եմ, կ լինի երկուստեք հաջողված ու արդյունավետ»,-նշել է դեսպանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես, ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ, և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ու կներկայացնի համագործակցության ընդլայնման համապարփակ ծրագիր: