Ոչ միայն Երերույքն ունի պահպանման կարիք, այլև այն շրջապատող բնակավայրը. հնագետ
SocietyԵրերույքի տաճարի վերականգնումն ու պահպանումը պետք է ներառի ոչ միայն զուտ տաճարի շինությունը, այլ նաև համալիրի տարածքն ընդգրկող բնակավայրը:
Այս մասին նշեց Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը:
«Ցանկացած հուշարձանի փրկություն ողջունելի է, և ասվածն առավել քան տեղին է Երերույքի նման հուշարձանի դեպքում: Դրա նման երկրորդը չկա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: Երերույքի վիճակն այդքան էլ վատ չէ, որքան ներկայացվում է, բայց այնուամենայնիվ վերականգնման որոշակի աշխատանքների կարիք կա, քանի որ սխալ է դիտարկել միայն տաճարական շենքը. այն համալիրի ընդամենը 40%-ն է կազմում», - ասաց Համազասպ Խաչատրյանը:
«Եվրոպա նոստրա» եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպության և «Եվրոպական ներդրումային բանկ» ինստիտուտի կողմից 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը` 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելուց հետո, Վենետիկում մարտի 16-ին կկայանա հրապարակային միջոցառում: Եթե Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը ի վերջո ներառվեն «7 առավել վտանգված» հուշարձանների շարքում, «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը, իր մանդատի լոբբինգի միջոցով դիմելով բազմազան հիմնադրամներին, կաջակցÕ « հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ միջոցների հայթայթման գործին:
«Անի-Պեմզա գյուղը, որտեղ և գտնվում է Երերույքի տաճարը, մայրուղուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, սակայն այնտեղ բացակայում են տարրական ենթակառուցվածքները, հատկապես պատշաճ ճանապարհը: Հույս ունեմ, որ տաճարի՝ «Եվրոպա նոստրա»-ի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընգրկումն առիթ կդառնա նաև լուծելու նման խնդիրները», - հույս հայտնեց Համազասպ Խաչատրյանը:
Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրենը նշեց, որ առ այսօր հայտնի չէ Երերույքի հիմնադրման ժամանակաշրջանը, դրա կապը տեսնում ենք միմիայն հայ ճարտարապետության նեղ պրիզմայի մեջ, սակայն պետք է դիտարկել նաև Երերույքի կապը Ասորիքի և այսօրվա Սիրիայի տարածքի նմանատիպ տաճարների հետ, հասկանալ, թե ինչու է այդ տաճարը կառուցվել հենց տվյալ տեղում:
«Տաճարը գտնվում է ժամանակին գոյություն ունեցող հսկայական բնակավայրի մեջ, որը ժամանակին պեղումների համար բացելու ու այնուհետև բարձիթողի վիճակում թողնելու պատճառով գնալով ավելի շատ է քայքայվում: Տաճարում ութսունականների վերջին և այնուհետև իննսունականներին իտալացիների կողմից կատարվել են որոշակի ամրացման աշխատանքներ: Իսկ 2011-2015թթ. այն ուսումնասիրվում էր հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից, երբ առաջին անգամ կատարվել էին լայնածավալ չափագրական աշխատանքներ, փորվել էր ամբողջ հանույթը», - նշեց Համազասպ Խաչատրյանը:
Հնագետի գնահատականով՝ բացի ծածկից տաճարի շենքն ամբողջությամբ պահպանվել է : Հայտնի է, որ ծածկը կղմինդրապատ էր, քանի որ հսկայական թվով կղմինդր է հայտնաբերվել: Սակայն առ այսօր անհայտ է ծածկի ձևը, հետևաբար դժվար է հստակ ասել, թե միայն բուն տաճարի շինության վերականգնման համար ինչ կարգի աշխատանք կպահանջվի: