Արտահանողների ԱԱՀ-ն վերադարձնելու համար կառավարությունը հատկացրեց 5 մլրդ դրամ
EconomicsԱրտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով 2015 թվականի չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձի ապահովման նպատակով կառավարությունը հատկացրեց հինգ միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել է, ինչը հնարավորություն չի ընձեռում արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու համար:
«Որպեսզի հնարավորություն ընձեռնվի ապահովել արտահանողներին ավելացված արժեքի հարկի վերադարձը, առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարն ավելացնել 5 միլիարդ դրամով»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով որոշմանը, նշեց, որ փաստորեն սրանով կառավարությունը կատարում է իր խոստումը:
«Այո, սա շատ լուրջ առաջընթաց է արտահող ընկերությունների ֆինանսական հոսքերի կարգավորման համար»,- ասաց նախարարը: