Արմեն Աշոտյանը ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը տարվա աշխատանքների գոհար է համարում
SocietyՀՀ կրթության և գիտության նախարարության ամբողջ տարվա գործողությունների և աշխատանքի գոհարը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացումն էր: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այն Հայաստանը դարձրեց ոչ միայն կրթական իրադարձությունների էպիկենտրոն Եվրոպայում, այլև թույլ տվեց քաղաքական իմաստով ևս մեկ անգամ ընդգծել մեր երկրի գոյությունն ու կարևորությունը` իր ներուժով, կրթական բարեփոխումների միտումներով` դեպի եվրոպական կրթական տարածք: Ակնհայտ էր, որ հաջողությունն, ինչպիսին արձանագրեց նախարարական համաժողովը Երևանում, պետք է շարունակելի լինի»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` իրադարձությունը Բոլոնիայի հայկական քարտուղարության գոյության և նախարարության եռամյա աշխատանքի արդյունքն էր:
«Մեզ հաջողվեց նախարարական եզրափակիչ փաստաթղթում առաջին անգամ ամրագրել չճանաչված պետությունների, կոնֆլիկտային տարածքների ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի անհրաժեշետությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Սա աննախադեպ հաջողություն էր նաև քաղաքական իմաստով, թեպետ շեշտը դրված է կրթություն առանց խտրականության վրա: Հուսամ, որ գալիք տարիների ընթացքում ԼՂՀ ուսանողները և դասախոսները հնարավորություն կունենան ընդգրկվել եվրոպական բարձրագույն կրթական տարածքում փոխանակման ծրագրերի մեջ, ինչը մեծապես կնպ աստի ԼՂՀ կրթական համակարգի միջազգայնացմանը»,-հավելեց նա:
Երևանում այս տարի անցկացվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը եզրափակվել են: Միջոցառումներին մասնակցել են Բոլոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները: Երկու խոշոր միջոցառումներին կայացվեցին կարևորագույն որոշումներ: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 48 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: