Հայ գիտնականները կկարողանան օգտվել Եվրամիության 80 միլիարդանոց բյուջեից
SocietyՀայաստանը 2016 թվականին կմիանա Եվրոպական Միության Հորիզոն 2020 գիտական ծրագրին: Այս մասին դեկտեմբերի 19-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մենք ավարտել ենք բանակցությունները եվրոպական հանձնաժողովի հետ: 2016 թվականի հունվարին կստորագրվի շատ կարևոր փաստաթուղթ: Հայաստանը կմիանա Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, ինչը հնարավորություն կստեղծի մեր գիտնականների համար գալիք 6 տարիների ընթացքում օգտվել ԵՄ 80 միլիարդանոց բյուջեից` գիտական հետազոտությունների համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շեշտեց, որ Հայաստանը վճարում է գիտնականների համար մուտքի տոմս` դեպի եվրոպական գիտական ֆոնդեր:
«Հուսամ, որ շատ թվով մրցունակ գիտական նախագծեր կլինեն Հայաստանից, և մենք կկարողանանք մեծ ներդրումներ ապահովել եվրոպական հիմնադրամներից դեպի Հայաստան: Միաժամանակ` կտեսնենք, թե որքանով են մրցունակ մեր գիտնականները եվրոպական ասպարեզում. սա նույնպես շատ կարևոր է գիտության ֆինանսավորման հետագա ընթացքը որոշելու համար»,-ընդգծեց նա:
Եվրոպական Միության Հորիզոն 2020-ի շրջանակում ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի դրամաշնորհային տարբեր ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում: