Արբաթում հողին են հանձնել սահմանին զոհված 19-ամյա Աղասի Գրիգորյանի մարմինը
Societynews.am-ը գրում է.
Արարատի մարզի Արբաթի համայնքային գերեզմանատանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, զինվորական կարգով հողին են հանձնել հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետեւանքով զոհված 19-ամյա Աղասի Գրիգորյանի մարմինը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արբաթի գյուղապետ Արայիկ Պետրոսյանը:
Հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, Աղասի Գրիգորյանի ծառայակից ընկերները: 19-ամյա Աղասի Գրիգորյանը անապահով ընտանիքից էր, նա ընտանիքի փոքր զավակն էր, ունի քույր եւ եղբայր: Ծառայության էր մեկնել 2014թ. գարնանը եւ զորացրվելու էր 2016թ. մայիսին:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։