ՀՀ առողջապահության նախարան Արարատի մարզում քննարկել է առողջապահական խնդիրները
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և Արաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի մասնակցությամբ Արտաշատում հրավիրված արտագնա խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի առողջապահական խնդիրները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության առաջին կեսին հանգամանալից անդրադարձ կատարվեց առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման համար անհրաժեշտ համատեղ քայլերի իրականացմանը: Քննարկվեցին մարզում առողջապահական հիմնական ցուցանիշների բարելավմանը, առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի շ եշտադրվեց ծննդօգնության ծառայության բարելավման անհրաժեշտությունը:
«Ծննդօգնության հետ կապված բոլոր հարցերը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ծննդօգնության բարելավմանն ուղղված աշխատանքներն ամենակարևորն են մեզ համար»,-ընդգծեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա կարևորեց վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին ուղղված աշխատանքների իրականացումը: Կարևորվեց նաև նախակրթական հաստատություններում սննդի և սանիտարական նորմերի նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Արարատի մարզում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնում են 7, իսկ առողջության առաջնային պահպանման օղակում 49 կազմակերպություններ:
Մարզում օրակարգային է նեղ մասնագետներով ապահովման, ինչպես նաև նյութատեխնիկական սարքավորումներով համալրման հարցը: Քննարկմանը ներկա բժշկական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին իրենց ղեկավարած կենտրոններում առկա խնդիրները:
Նշվեց, որ Արարատի մարզում բարեհաջող իրականացվում է սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը. 4997 շահառու արդեն անցել է պարտադիր կանխարգելիչ քննություն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ այս ծրագրում առաջին հերթին ամրագրված է բնակչությանը առողջ պահելու գաղափարախոսությունը:
Նախարարը հետաքրքրվեց նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի և նախազորակոչի պատվաստումների ընթացքով:
Նա հորդորեց ոլորտի պատասխանատուներին բնակչության շրջանում բարձրացնել իրականացվող ծրագրերի նկատմամբ հանրության վստահությունը: Ոլորտի ղեկավարն առանձնակի կարևորեց առողջության առաջնային օղակի նկատմամբ վստահության մեծացումը, հանրային առողջապահական երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, բնակչության հետ բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը, որն առաջին հերթին միտված է բժիշկի հեղինակության և դերի բարձրացմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզի առողջապահության պատարսխանատուներին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին նախարարը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերում էին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը, ինչպես նաև հիվանդանոցային և ամբուլատոր օղակներում ցուցանիշների բարելավմանը:
Խորհրդակցության երկրորդ մասում քննարկման առանցքում էր 2016թ. երկրորդ եռամսյակում արդիականացման աշխատանքներով պայմանավորված Արտաշատի բժշկական կենտրոնի ժամանակավոր տեղափոխման հարցը: Նախարարը հանձնարարեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանին հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել տեղափոխման հնարավոր տարբերակների վերաբերյալ հստակ առաջարկներ:
Նշենք, որ Արտաշատի բժշկական կենտրոնը սպասարկում է Արտաշատի տարածաշրջանի շուրջ 104, 3 հազար բնակչի, որից 25, 6 հազարը քաղաքաբնակ են, իսկ 78, 8-ը` գյուղաբնակ: Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման գործընթացի պայմանագիրը կնքվել է 2015թ. օգոստոսին և նախատեսվում է ավարտել 2016թ. հունիսին: Ներկայում ավարտվել է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման երկրորդ փուլը: Արդիականացման գործընթացի շրջանակում նախատեսվում է շուրջ 1, 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, վերակառուցման շինարարական աշխատանքների և շուրջ 433 մլն ՀՀ դրամի ներդրում բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման նպատակով: