Այս տարի Նկարիչների միությունն իրականացրել է մոտ 50 տարատեսակ ցուցահանդեսներ
CultureԱվարտին մոտեցող տարվա ընթացքում Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ամենահետաքրքիր ցուցահանդեսներից էր Գրողների միության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ավելի քան երեք հարյուրից աշխատանքներ: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Ցուցահանդեսին հայտ էին ներկայացրել մեծ քանակությամբ գեղարվեստի տարբեր ոճերում արարող նկարիչներ: Ափսոսում եմ, որ որոշ ասպարեզներ սկսում են վերանալ, օրինակ, ցուցահադեսին ներկայացված էր միայն մեկ պլակատային արվեստի աշխատանք: Ի դեպ, այս ոճը սկսել է զիջել իր դիրքերը: Առաջնային են դառնում այն ուղղությունները, որոնք ակադեմիական հիմքեր չեն պահանջում, դա իմ կարծիքով բացասական երևույթ է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Կարեն Աղամյանը:
Նկարիչների միության նախագահը կիսվեց իր դիտարկմամբ, որ վերջերս փոքրացել են նկարիչների կողմից արծարծվող խնդիրների ծավալները, և, օրինակ, հաճախ ցեղասպանության վերաբերյալ խոսելիս՝ պակասում է պատկերավոր և այլ մոտեցմամբ թեմայի պատկերումը:
«Այս տարի Նկարիչների միության սրահում տեղի է ունեցել մոտ 50 ցուցահանդես, սակայն մեր դահլիճները զիջում են նկարիչների պահանջներին»,-ասաց Կարեն Աղամյանը:
Խոսելով միության խնդիրների մասին՝ Նկարիչների միության նախագահը նկատեց, որ իրենց հնարավորություներն այնքան սահմանափակ են, որ միությունը կարողանում է գոյատևել և գործել միության սահմաններում, և իրենք չեն կարող իրենց թույլ տալ արտերկրում ցուցահանդեսների ուղարկել հայ նկարիչների աշխատանքները: