4-ամյա աղջկա մահվան գործով պաշտպանը միջնորդել է հարցաքննել բժիշկների, որոնց երեխայի հարազատները չեն էլ տեսել
SocietyՋրաշենցի 4-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվող՝ Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Ղազարյանը պնդում է, որ եթե երեխայի մոտ շոկային վիճակ եղած լիներ, ապա դա պետք է նկատեին նաեւ այն բժիշկները, որ մինչեւ ինֆեկցիոն բաժանմունք ուղեգրվելը հետազոտել են երեխային եւ նրան ուղարկեին վերակենդանացման բաժանմունք:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին փաստաբանը միջնորդեց, որ որպես վկա ներգրավվեն Բամբակաշատ գյուղի ամբուլատոր բժշկուհին, Արմավիրի ԲԿ-ի Մանկական բաժանմունք վարիչ Գառնիկ Դավթյանը, Արմավիր ԲԿ-ի ընդունարանում երեխայի զննած բժիշկ Տիգրան Մկրտչյանը, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը եւ համալիր դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահը:
«Բամբակաշատի բժշկուհին է առաջինը նայել երեխային, զանգել է իր բաժանմունքի վարիչին, հայտնել ա երեխայի վիճակը, ասել են՝ թող տանեն Արմավիր բուժման: Մանկականի վարիչը ասել է՝ աղիքային ինֆեկցիա է, ընդունարանի բժիշկ Տիգրան Մկրտչյանը գրել է՝ սուր աղիքային ինֆեկցիա է, երեխան պետք է հոսպիտալացվի ինֆեկցիոն բաժանմունք: Արա Ասոյանն էլ հեռուստատեսությամբ ասել է՝ երեխան միջին ծանրության է եղել, շոկային վիճակը առաջացել է կայծակնային»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրանք պետք է հարցաքննվեն, որ հիմնավորեն՝ երեխայի մոտ շոկային վիճակ եղել է, թե ոչ:
Միջնորդության քննարկումը հետաձգվեց, դատական նիստը նույնպես: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին:
Երեխայի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդունարանում ոչ մի բժիշկ չի զննել երեխային:
«Բժիշկ չի եղել էնտեղ: Իմ թոռին տեսել է Բամբակաշատի բժիշկը, Դավթյանը, որը ասեց՝ տարեք ընդունարան, էնտեղ բժիշկը կնայի համապատասխան: Ընդունարանում նստած քույրերը երեխուն ծննդյան ամիս ամսաթիվը գրեցին, ջերմաչափ դրեցին երեխուն, հարցին՝ ինչ ա մոտը, հետո ցույց տվեցին ինֆեկցիոնի տեղը»,- ասաց Կարինե Հովաննիսյանը:
Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Ըստ նախաքննական մարմնի՝ երեխան այնպիսի վիճակում է եղել հիվանդանոց ընդունվելիս, որ նրան պետք էր անմիջապես տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, ինչի դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը: Նա անժամկետ հեռացվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը