Աղասի Այվազյան նկարչին նորովի հնարավոր է բացահայտել ցուցահանդեսի միջոցով
CultureԱղասի Այվազյան նկարչին նորովի հնարավոր է բացահայտել ցուցահանդեսի միջոցով, որը նվիրված է անվանի արվեստագետի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Այվազյանի հեղինակային ստեղծագործությունները դեկտեմբերին 22-ից ներկայացվելու են Հայաստանի նկարիչների միությունում:
«Աղասի Այվազյանի մահվանից հետո ստեղծեցի նրա անվան հիմնադրամ: Հիմնադրամի անունից սկսեցի միջոցառումներ կազմակերպել, կրկին հիշեցնել նրա գործունեության մասին: Եթե չհիշեցնել` Բալզակին, Տոլստոյին էլ կմոռանան: Ժամանակ առ ժամանակ պետք է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի նախաձեռնող Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը:
Նրա խոսքով` ցուցահանդեսին ներկայացվել է Այվազյանի 200 նկարներից 95-ը:
«Մեծ աշխատանք է կատարվել: Աղասի Այվազյանն այնքան տաղադավոր մարդ է.հանճարեղ մարդիկ բազմակողմանի զարգացած են: Նա ինքն էլ չգիտեր` գրո՞ղ է, նկարի՞չ, ռեժիսո՞ր»,-նշեց Գրետա Վերդիյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շեշտեց, որ միությունում հաճախ չէ նման ցուցահանդես կազմակերպվում:
«Աղասի Այվազյանին մենք ճանաչում ենք ոչ միայն որպես նկարչի, այլև որպես մեր ժամանակների մեծագույն մտավորական: Կարևորն այն է, ինչ արվեստագետը թողնում է: Նա թողել է իր մտորումները, մտքերը, ապրումները, այն խոսքերը, որոնցով պարտավոր ենք կողմնորոշվել մեր կյանքում »,-նշեց նա:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը շեշտեց, որ տարին այվազյանական էր:
«Աղասի Այվազյանը մեր հանրության մեջ երևում էր որպես գրող, հրապարակախոս, սցենարիստ, կինոռեժիսոր: Բայց նրա գործունեության այս ոլորտը կարծես թե անհայտ էր: Գաղտնիք չէ, որ Այվազյանը սովորել է Գեղարվեստի ակադեմիայում: Նա սկսել է հենց նկարչությունից»,-շեշտեց նա:
«Եթե բնորոշելու լինենք և’ այս ցուցահանդեսը, և’ Աղասի Այվազյանի գիրն ու գրականությունը մեկ բառով, ապա, հավանաբար, այդ բառը կլինի խիզախությունը, որ նա բերեց իր արվեստով և գրականությամբ»,-նշեց բանաստեղծ Արտաշես Ղազարյանը:
Այվազյանը ստեղծել է գեղանկարչական գործեր, որոնց բնորոշ են հոգևոր ներաշխարհը բացահայտող նուրբ ընդհանրացումներ: Լավագույններից են «Ինքնադիմանկար», «Գրողն ու իր ժամանակը», «Ընտանիքի հայրը», «Տարալուծում», «Թիֆլիս», «Խորհրդավոր ընթրիք», «Սովետական խաչելություն» և այլ գործեր, որոնք ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում:
Աղասի Այվազյանը հանրությանը հայտնի է որպես արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ է, ՀԽՍՀ և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր: Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: