Բնապահպանության նախարարությունը խնդիրներ ունեցող փոքր ՀԷԿ-երին կառաջարկի առողջացման ծրագրեր
SocietyԲնապահպանության նախարարությունը խնդիրներ ունեցող փոքր ՀԷԿ-երին կառաջարկի առողջացման ծրագրեր, որոնց կատարման արդյունքում փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարվա ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Իսկ այն ՀԷԿ-երը, որոնք չեն շտկի իրենց մոտ հայտնաբերած խնդիրները, մենք այլ կարգավիճակով կներկայացնենք համապատասխան լիազոր մարմինների: Այս տարի «Էկոլուր» ՀԿ-ի հետ իրականացրել ենք փոքր ՀԷԿ-երի անձնագրավման ծրագիր, որը մեծ կարևորություն ունի: Շատ մանրակրկիտ և առանց տրտնջալու ուսումնասիրության արդյունքում այսօր մենք ունենք 87 ՀԷԿ-երի հետ կապված հաշվետվություն: Փորձը ցույց տվեց, որ սա մեզ համար անհրաժեշտ ծրագիր է, և այն, որ մենք ունենք բազմազան խնդիրներ՝ ձկնապաշտպան ձկնանցարաններից, թողքից մինչև ջրաչափերի բացակայություն»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Բնապահպանության նախարարը հավելեց, որ արդեն կառավարություն է ներկայացվել առաջարկություն, որպեսզի փոքր ՀԷԿ-երով գերծանրաբեռնված և խնդիրներ ունեցող գետերի վրա չտրվի թույլտվություն՝ նոր ՀԷԿ-երի կառուցման համար:
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակում Փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգի արդյունքում Հայաստանում գործող 144 փոքր ՀԷԿ-երի շարքում ուսումնասիրված 87-ից միայն 4-ն էին գործում առանց խախտումների: