Գործարարը գոհ է նորաստեղծ հանքային ջրերի գործարանի արտադրանքի արտահանման տեմպերից
Economics«Գյումրի» գարեջրի և «Սևան» հանքային ջրերի գործարանների սեփականատեր Միսակ Բալասանյանը 2015թ.-ին երկու նոր գործարան է բացել և առաջիկայում էլ լավատեսորեն է տրամադրված իր բիզնեսի առաջընթացի հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո Միսակ Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա ընթացքում իրենց բացել են «Սևան» հանքային ջրերի գործարանը և հրուշակեղ ենի ֆաբրիկա՝ ստեղծելով մոտավորապես 200 նոր աշխատատեղ:
«Եթե խոսենք «Սևան» հանքային ջրերի գործարանի մասին, ապա կարող եմ ասել, որ արտահանման տեսանկյունից դժգոհություններ չունեմ, որովհետև գործարանը նոր է բացվել, արտադրանքը նոր է, ուստի գոհ եմ արտահանման ծավալներից: Հանքային ջրեր հիմնականում արտահանել ենք Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ երկրներ»,- ընդգծեց Բալասանյանը:
Անդրադառնալով «Գյումրի» գարեջրի արտահանման ծավալներին՝ նա նկատեց, որ դրանք անցած տարվա համեմատ նույնն են մնացել: «Խնդիրը ոչ թե այն էր, որ չենք կարողացել արտահանել, այլ մենք էլ շահագրգռված չենք եղել ավելացնել արտահանման ծավալները, որովհետև ռուբլու փոխարժեքի հետ կապված ռիսկեր կային»,- ընդգծեց Բալասանյանը:
Նա հույս հայտնեց, որ եկող տարին ավելի բարենպաստ կլինի իրենց համար՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ամեն ինչ կախված է գործարարից: «Գործարարը պետք է անի ամեն ինչ, որպեսզի իր ապրանքը նոր շուկաներ գրավի: Այսօր Նախագահն էլ ասաց, որ մեր խոշոր բիզնեսն արդեն որոշակի չափով իր շուկաները գրավել է և նոր շուկաներ մտնելու խնդիր ունի: Այս իմաստով, մեր երկրի իշխանություններին մնում է ապահովել խաղաղություն, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն»,- եզրափակեց Բալասանյանը: