Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 65-ամյակը
SocietyԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիսավորությամբ նշվել է դպրոցի հիմնադրման 65-ամյակը: Երաժշտական ծրագրի ընթացքում սաները ներկայացել են իրենց լավագույն կատարումներով: Ընդամենը 56 աշակերտով և 5 ուսուցչով իր գործունեությունն սկսած դպրոցում այսօր սովորում է ավելի քան 900 երեխա, որոնք հանրապետական ու միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակակիրներ են:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երաժշտական դպրոցի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շնորհավորելով դպրոցի անձնակազմին՝ շնորհակալություն է հայտնել հայկական մշակույթի պահպանման ու տարածման, ինչպես նաև համաշխարհային դասական արժեքներին ծանոթացնելու գործում ներդրած ջանքերի համար:
Միջոցառման շրջանակում դպրոցի մի շարք ուսուցիչներ երկարամյա գործունեության և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևներ են հանձնվել նաև մշակույթի նախարարության և վարչական շրջանի կողմից: