Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիայի բացումը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով
SocietyՌոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիայի բացումը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիայի համահիմնադիր և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Երկու տարի առաջ մեզ տրամադրվել է տարածք, որը վերանորոգովել է: Սուդիան բաղկացած է լինելու երեք բաղադրիչներից. բուն անիմացիոն ստուդիայից, ուսումնական կենտրոնից և կինոթատրոնից: Դեռ մի քանի տարի առաջ ստուդիան մենք Հայաստան ենք տեղափոխել Մոսկվայից: Սակայն կենտրոնի աշխատանքի մեկնարկի համար անհրաժեշտ են կինոթատրոնի և ուսումնական կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ ու կահուք: Համապատասխան ֆինանսների առկայության դեպքում գալիք տարի հույս ունենք լիարժեք բացել կենտրոնը»,- ասաց Դավիթ Սահակյանցը:
2014թ. ՀՀ կառավարությունը 123 մլն 600 հազար դրամ է հատկացրել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին` Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի 620 քմ տարածքում ստեղծելու անիմացիոն կինոկենտրոն:
Ռոբերտ Սահակյանցը մոտ 100 անիմացիոն ֆիլմերի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր է: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում: Սահակյանցը մահացել է 2009 թվականին Երեւանում` երկարատեւ հիվանդությունից եւ սրտի բարդ վիրահատությունից հետո: