ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մակարդակը
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը և շնորհավորել նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գեր ատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր շնորհավորական խոսքում Նախագահը նաև ամփոփել է 2015 թվականը, անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսել 2016 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին:
Նա ընդգծել է, որ անցնող 2015թ. ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած և այդ տեսանկյունից լարված տարի էր, և Հայրենիքում և աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն ու բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ: Հանրապետության Նախագահն այդ աշխատանքներում կարևորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մեր երկրի համար կարևորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն:
Նախագահը խոսել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ցավով նշելով, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում:
Նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եկող տարվանից տեղափոխվելու է վարչական նոր մասնաշենք, որտեղ աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծված՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տարում արտաքին գերատեսչության աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն ավելի մեծ եռանդով, նվիրումով, նոր գաղափարներով ու ծրագրերով, նոր գիտելիքներով զինված, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, որևէ պետություն չի կարող հաջողություն ունենալ: