Հարկատուների հաշվին զովանալը ո՞րն է. ինչպես ասում են՝ դա էլ ու վերջ
AnalysisԿառավարության դեկտեմբերի 24-ի հերթական նիստում, երբ ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը որոշման նախագիծ ներկայացրեց, որով կառավարությունից խնդրում էր 8.4 մլն դրամ հատկացնել Արմավիրի մարզպետարանին էլեկտրաէներգիայի պարտքը վճարելու համար, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հիմնավորում ներկայացնել:
Վ.Տերտերյանը որպես հիմնավորում նշեց, որ ամառվա ամիսներին մարզպետարանը օդորակիչներ օգտագորելու պատճառով նախատեսվածից ավելի շատ հոսանք է ծախսել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ասաց, որ որոշման նախագիծը չի ստորագրելու:
«Ի՞նչ է նշանակում՝ լրացուցիչ օգտագործել են: Ինչի՞ համար են օգտագործել, պետք է հիմնավորվի: Եթե տնտեսած փող կա, չի նշանակում, որ այդ փողերը պետք է բաժանենք այս կամ այն կերպ: Պետք է հիմնավորում լինի տակը: Մինչև հիմնավորում չներկայացնի մարզպետը, սա չենք ստորագրի: Նա պետք է նաև բացատրություն տա, թե ինչի համար է այդքան ծախսվել»,- հայտարարել է վարչապետը:
Նշված որոշման նախագծի հիմնավորման մեջ նաև ասվում էր, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն օդորակիչների շահագործման, այլև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսով, որը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կկազմի շուրջ 10 մլն դրամ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, ասել էր, որ հիմնավորումն արդեն ներկայացրել է, առանձնապես չի անհանգստանում և հույս ունի, որ կառավարությունն այն կհատկացնի, քանի որ ծախսն արդարացված է, իսկ հիմնավորումն էլ արդեն ուղարկված է ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանին:
Այստեղ, սական, հետաքրքրին այն է, թե ինչպես է ստացվում, որ մարզպետարանին հաջողվում է ամառվանից սկսած միլիոնավոր դրամների հասնող հոսանքի պարտքեր կուտակել ու չհոսանքազրկվել: Բացի այդ, եթե տեղական ինքնակառավարման մարմինն այդքան գումար չունի, որ իր սեփական կոմֆորտի համար իր գրպանից վճարի, ապա ինչու է որոշել ամռան ամիսներին հարկատուների գրպանի հաշվին զովանալ:
Ո՞վ է պարտավոր վճարել ուրիշի կոմֆորտի հետևանքով կուտակած պարտքը:
Եվ, վերջ ի վերջո, նույն ամառը նույնքան շոգ է նաև սովորական քաղաքացիների համար, բայց որևէ մեկի մտքով չի անցնում, որ կառավարության դուռը թակի ու սեփական կենցաղային ծախսերը վճարելու համար գումար պահանջի:
Այնպես որ, հարգելիներս, լավ կլինի, որ հարկատուների հաշվին տաքանալու կամ զովանալու ծախսերը սեփական գրպանի հաշվին կազմակերպեք, ոչ թե զարմանաք, թե ինչու է վրդովվում վարչապետը և հիմնավորում պահանջում:
Արմինե Գիրգորյան