Հանրապետության 209 երաժշտական դպրոցներում զարգանում է լարային, փողային և ժողգործիքների ուսուցումը
SocietyՊետական աջակցության շնորհիվ այսօր 209 երաժշտական դպրոցներում լարային, փողային և ժողգործիքների ուսուցումը զարգանում է: Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«2012թ-ին, երբ մենք սկսեցինք ուսումնասիրել մշակութային կրթության ոլորտը, կարևորվեց մանուկների և պատանիների կրթության համար լարային և փողային գործիքների պետական պատվերի ներդրումը: Այն դեռ ներդրված էր 2007թ. և հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ որոշ ուղղություններով մենք ունենում էինք բավականին լուրջ բացթողումներ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արթուր Պողոսյանը:
Մշակույթի նախարարության տվյալների համաձայն, հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար «Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 22 անուն 96 երաժշտական գործիք: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժների և հրավիրյալ առաջատար մասնագետների միջոցով իրականացրել է «Ուսումնամեթոդական և գործնական օգնություն» ծրագիրը, որին մասնակցել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցների 8500 աշակերտ ու 1500 մանկավարժ:
«Այս տարի մարզերում իրականացվել է «Վերապատրաստման դասալսումներ» ծրագիրը, որին մասնակցել է վերոնշյալ դպրոցների 930 մանկավարժ:
Համալրվել է ՀՀ և ԼՂՀ շնորհալի երեխաների և հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկը: «Կրթություն երեխաների հատուկ խմբերի համար» ծրագրով հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների 614 երեխաներ ընդգրկվել են գեղագիտական դաստիարակության համակարգում», - տեղեկացրեց Արթուր Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը հավելեց, որ պետական ծրագրերով հրատարակվել է շուրջ 21 անուն հայ կոմպոզիտորների ստեղծագործություն և գիտաուսումնական գրականություն, որոնց մի մասը անվճար բաշխվել է հանրապետության, ԼՂՀ-ի մշակութային ուսումնական հաստատություններին:
Շարունակեց իր գործունեությունը «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ն, որի շրջանակներում կազմակերպվեց 46 դաս-համերգ, որոնցում մասնակցեցին հանրապետության շուրջ 12900 մանուկներ և պատանիներ:
Այսօր Հայաստանում գործում է 209 գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն (99 երաժշտական, 84 արվեստի, 22 գեղարվեստի, 4 պարարվեստի դպրոցներ), որտեղ սովորում է 36520 աշակերտ, դասավանդում` 4545 մանկավարժ :