Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ է կազմակերպել 4000 երեխաների համար
SocietyԱվանդույթի համաձայն, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից այս տարի ևս կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ`4000 երեխաների համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 25-28-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները կդիտեն Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Ձախորդ Փանոսի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը: Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնո րհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:
Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի երեխաներ: