Արտասահմանյան մի շարք քաղաքներ հետաքրքրված են Հայոց ցեղասպանության թեմայով մշտական ցուցադրություն ունենալու հարցում
SocietyՀայոց ցեղասպանության թեման մշտական ցուցադրության կդրվի մի քանի երկրներում: Հաջորդ տարվա հունվար-փետրվարին Լատվիայի Ռիգա քաղաքի Գետոյի տարածքում հրեաների աջակցությամբ մշտական ցուցադրություն կգործի: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Մեր հրեա գործընկերները համաձայնել են մեկ սենյակի չափով տ արածքում ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման մշտական ցուցադրության ձևաչափով: Հունվարի վերջ-փետրվարի սկիզբ աշխատանքները կավարտվեն ու տեղի կունենա բացումը»,- նշեց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ ներգրավված նաև Մոսկվայում առնվազն երեք մշտական ցուցադրություն պատրաստելու գործում, որոցից մեկը կլինի Մոսկվայի նորաստեղծ եկեղեցական համալիրի տարածքում: «Համագործակցության հուշագիր ենք ստորագրել Արգենտինայի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-հիմնադրամի հետ անվճար հիմունքով թանգարանային ցուցադրություն պատրաստելու համար»,-հավելեց Հայկ Դեմոյանը: Նա փաստեց, որ նմանատիպ հետաքրքրություն կա նաև Փարիզից և Լոս Անջելեսից, բայց Վաշինգտոնում թանգարան կառուցելու հետ կապված, ցավոք, որևէ առաջընթաց չկա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմայի վառ պահելու հարցում թե Հայաստանի Հանրապետության, թե համայն հայության հետագա քայլերին` Դեմոյանը նախ նկատեց, որ Հայաստանը բավականին նախաձեռնող է ցեղասպանության դատապարտման և դրան միջազգային հնչեղություն տալու հարցերում, որի վառ ապացույցն էլ ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ի ցեղասպանությունների զոհերի և նրանց հիշատակի օր հռչակելու փաստն է:
«Ցեղասպանության մասին սկսում են խոսել այն շրջանակները, որոնք նույնիսկ խուսափում էին ակնարկել դրա մասին: Սկսում են խոսել գիտական ու տեղեկատվական այն շրջանակները, որոնց համար Հայոց ցեղասպանության թեման մի «բորոտ» թեմայի նման էր, որից պետք է խուսափեին` հանկարծ այդ «հիվանդությունը» չվերցնելու համար: Բայց հիմա մեծ հաճույքով այդ մասին սկսում են խոսել: Քաղաքականություն է, այո, բայց չպետք է դա դատապարտել, այլ պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Հայկ Դեմոյանը: