Սահմանամերձ համայնքների շուրջ 2375 աշակերտներ 2015թ-ին այցելել են մայրաքաղաքի մշակութային օջախներ
SocietyՍահմանամերձ համայնքների շուրջ 2375 աշակերտներ «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում այս տարի այցելել են մայրաքաղաքի մշակութային օջախներ: Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Սա աբոնեմենտային ծրագիր է, որը դեռևս կար խորհրդային ժամանակներում, երբ դպրոցական երեխաներին տանում էին մշակութային օբյեկտներ: Այս տարի ծրագիրը պիլոտային էր, և սկսել էինք երկրի սահմաններից: Սահմանապահ շրջանների բնակիչ 10-14 տարեկան երեխաները յուրաքանչյուր այցի ժամանակ եղան մեկական մշակութային հաստատությունում ՝ թանգարան, համերգային և թատերական ծրագիր»,- ասաց Արթուր Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ կառավարությունը հաջորդ տարի կշարունակի այս ծրագիրը՝ հաշվի առնելով մեծ պահանջարկն ու ծրագրի հեռանկարային հաջողությունները:
2015 թվականին տրվեց «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի մեկնարկը, որն իրականացվել է երկու փուլով` Երևանում: Ծրագրին այս տարի մասնակցեցին ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 47 սահմանապահ համայնքների` 49 հիմնական դպրոցների միջին դասարանների աշակերտներ: