Թել Աբյադում պատրաստվում են վերաբացել ԻՊ-ից ազատագրված հայկական եկեղեցին
SocietyՍիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) կից գործող Ժողովրդավարական հասարակության շարժման (TEV-DEM)՝ Թել Աբյադի պատասխանատու Օմեր Ուլուսը Sputnik-ի թուրքական ծառայության հետ զրույցում հայտնել է այն մասին, որ որոշում է ընդունվել հայերի համար եկեղեցի և դպրոց բացել:
«Հայերի համար եկեղեցի և դպրոց, իսկ թուրքմենների համար դպրոց ենք բացելու: Թուրքմենները կրթություն կստանան թուրքերենով, իսկ հայերը՝ հայերենով»,- ասել է Ուլուսը:
Նա տեղեկացրել է, որ ԻՊ-ի կողմից Թել Աբյադի գրավումից հետո քաղաքի եկեղեցին վերածվել էր կալանավայրի, սակայն այժմ այն կրկին կվերածվի եկեղեցու:
«Մեր հայ քաղաքացիները շատ են ուրախացել եկեղեցու բացման կապակցությամբ: Եկեղեցու համար Հալեպից երեք անձ են ուղարկելու»,- ասել է Ուլուսը:
Նշելով, որ իրենք կարևորում են հավատքի ազատությունը, ինչպես նաև համատեղ ապրելու կարողությունը՝ Ուլուսն ասել է. «Թել Աբյադում հայերն իրենց տեղն են զբաղեցնում ժողովրդավարական ինքնավարության համակարգում: Հայերն ու թուրքմենները ներգրավված են քաղաքի բոլոր կառույցներում և քաղաքի կառավարման համակարգում: Յուրաքանչյուր բնակիչ քաղաքի տերն է»: