Կարեն Դուրգարյանը չի պատրաստվում պաշտպանել իր «աթոռը»
CultureՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը մեկնաբանել է իր` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատման փաստը:
«Օպերային սիմֆոնիկ նվագախումբը մի կառույց է, ընտանիք, որը շատ լավ ապագա պետք է ունենա: Գլխավոր դիրիժորը փորձում է իր կոլեգաների հետ պահպանել այն ավանդույթները, որ եղել են: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը 85 տարեկան է, թատրոնը ստեղծվել է դիրիժորների շնորհիվ: Մենք խոսում ենք արվեստագետների մասին, չենք խոսում աթոռի մասին: Նվագախումբը պետք է ունենա կայուն դիրիժոր , որն անընդհատ աշխատելու է կոլեկտիվի հետ` պահպանելով ավանդույթները և բարձրացնելով որակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:
Կարեն Դուրգարյանը հիշեցրեց, որ 8 տարի առաջ, երբ լուծարվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, ինքն առաջին մարդն էր, որն ասաց, որ շատ ճիշտ քայլ է արվել, քանի որ եթե մտադրություն կա քանդելու թատրոնը, այն չպետք է գեղարվեստական ղեկավար ունենա: «Եթե ուզում են լուծարել նվագախումբը, խաղալ նվագախմբի հետ, թող լուծարեն նաև դիրիժորի հաստիքը»,-նշեց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ուզում են իր փոխարեն որոշ ժամանակ անց Սերգեյ Սմբատյանին նշանակել որպես թատրոնի գլխավոր դիրիժոր, Կարեն Դուրգարյանը պատասխանեց, թե ցանկություն չունի խոսել օդում կախված բաների մասին:
«Որևէ մեկը չի կարող ինձնից իմ մասնագիտությունը խլել, ես շարունակելու եմ աշխատել` որպես դիրիժոր` լինի այստեղ, թե` դրսում: Պաշտոնը կարող են հանել ինչ-ինչ պատճառներով»,-նշեց նա:
Խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մասին, Դուրգարյանը նշեց. «Գեղամ Գրիգորյանը արտիստ է, որը շատ մեծ համբավ ունի և կարևոր է հայրենիքի համար` որպես արտիստ: Նա բազմաթիվ ելույթներ է ունեցել տարբեր թատրոններում: Գեղամ Գրիգորյանը` որպես գեղարվեստական ղեկավար, իր պատկերացումն ունի` ինչ պետք է անի թատրոնը»:
ՀՀ վաստակավոր արտիստը շեշտեց, որ իրեն ծանուցագրով են տեղեկացրել, որ իր հաստիքը լուծարվելու է, այն էլ` 2-3 օրից:
«Ըստ օրենքի`մարդուն պարտավոր են 2-3 ամիս առաջ զգուշացնել այդ մասին, որպեսզի մարդը նախապատրաստվի: Թատրոնն, ըստ օրենքի, պարտավոր է նաև տույժ տալ, քանի որ ուշ է զգուշացրել: Ծանուցագրի մեջ, որպես հեռացման պատճառ, նշված է եղել, որ կրճատվում է հաստիքը, քանի որ փոխում են համակարգը: Ինչ է նշանակում դա, ես չգիտեմ»,-հավելեց նա:
Կարեն Դուրգարյանը կարծում է, որ նվագախումբը պետք է ընտրի` ով է այն դիրիժորը, որը կարող է ղեկավարել իրեն:
«Ամեն մարդ իրավունք չունի կանգնելու դիրիժորական վահանակի առջև, քանի որ նվագախումբը շատ շուտ գլխի է ընկնում` ով ինչ հնարավորություններ ունի»,- ընդգծեց Դուրգարյանը: Նա շեշտեց, որ չի պատրաստվում իր «աթոռը» պաշտպանել, և իր ընտանիքը դեմ է, որ նա քայքայի իր առողջությունը:
«Եթե պաշտոնը վերականգնվի և եթե իմ գործընկերը, որ կզբաղեցնի այդ պաշտոնը, կկարողանա թատրոնն ավելի բարձրացնել, ես մեծ ուրախությամբ, ծափահարություններով կընդունեմ նրան»,-հավելեց նա: