Օպերային թատրոն առանց գլխավոր դիրիժորի չի կարող լինել. Էդուարդ Թոփչյան
CultureՕպերային թատրոն առանց գլխավոր դիրիժորի չի կարող լինել: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 26-ին արտահայտեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը`անդրադառնալով Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տիրող զարգացումներին:
«Գլխավոր դիրիժորի պաշտոնը կրճատելը նման է նրան, որ ֆուտբոլի թիմում ասեն` պետք չէ գլխավոր մարզիչը, դաշտի տնօրենը կզբաղվի դրանով: Ես չեմ թաքցնում, որ առաջին օրվանից, երբ Դուրգարյանի վերաբերյալ լուրերը լսեցի, ցավ զգացի, սկսեցի հետաքրքրվել և փորձել նպաստել, որ այդ բանը չլինի»,- նշեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մաեստրո Թոփչյանը վստահ է`դիրիժորն այն երաժիշտն է, ով իրավունք ունի մյուսներին ասել, թե նրանք ինչպես նվագեն:
«Դրանով է նա տարբեր մյուսներից: Ես ինքս կողմնակից չեմ եղել երաժիշտների հետ որպես ղեկավար խոսել: Փաստ է, որ Կարեն Դուրգարյանն էլ, ես էլ հաջողությունների ենք հասել: Ի վերջո, եթե այստեղ չլինենք, կկորցնենք մեր կապը մեր երկրի, ժողովրդի, հայ երաժիշտների հետ: Մեր մասնագիտությունը մեզնից ոչ ոք չի վերցնի և վստահաբար ավելի շատ գումար կաշխատենք»,-նշեց նա`շեշտելով, որ Դուրգարյանը շատ բանի է հասել:
«Կարեն Դուրգարյանը պատրաստի համաշխարհային մակարդակի դիրիժոր է, և վստահ եմ, որ կարող է ավելի լավ արդյունքների հասնել: Նա տարեկան 30-40 համերգ ունի արտասահմանում, ղեկավարում է Մարիինյան թատրոնի նվագախումբը: Սա ինձ ցավ է պատճառում, ես դրա մասին ասել եմ Գեղամ Գրիգորյանին էլ, ում մանկուց շատ սիրում, հարգում եմ: Ժամանակին իր հետ էլ են վատ վարվել, շատ խնդիրներ է ունեցել, նա դարձել է համաշխարհային երգիչ, որով պարծեցել են: Օպերային թատրոնում պետք է լինեն տասնյակ ուրիշ դիրիժորներ: Կարեն Դուրգարյանը չափազանց շատ մարդու է մոտ թողել նվագախմբին: Նա եր բեք խոչընդոտ չի հանդիսացել և չի հանդիսանա»,-հավելեց նա:
Մաեստրոն կոչ է անում, որ ներքին պատերազմները վերջանան:
«Ինձ էլ կարող են փոխել: 15 տարի նվագախումբն եմ գլխավորում: Մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են: Կարեն Դուրգարյանի նման պրոֆեսիոնալ դիրիժոր կարող ենք երկար տարիներ չունենալ: Կամ ընդհանրապես չունենալ: Երաժիշտները պետք է միավորվեն, իրար պաշտպանեն: Վստահ եմ, որ մի օր պաշտոնը կվերականգնվի, և դրան երկար չենք սպասի: Ես կխնդրեի, որ մարդիկ վերանայեն այդ հարցը»,-հավելեց նա:
ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալ ետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու: