Ձեռքբերումները միայն բառերով ու թվերով չեն լինում
AnalysisԵթե մարդ չի կարողանում արդյունավետ աշխատել, իր պաշտոնավարման ընթացքում դրական բաներ անել, պետք է չաշխատի, իսկ եթե դա հնարավոր չէ, գոնե համեստորեն լռի, չխոսի իր ու իր թիմի «ձեռքբերումների» ու «հաջողությունների» մասին, որ հերթական անգամ ծիծաղելի վիճակում չհայտնվի:
Հիմա մեր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր տարվերեջյան ասուլիսի ժամանակ խոսել է կառավարության այս տարվա ձեռքբերումների մասին: Ու սա այն դեպքում, երբ ներկայիս կառավարությունն այս տարի աչքի ընկավ նրանով, որ ի տարբերություն նախորդի՝ նույնիսկ աշխատավարձերի, թոշակների նվազագույն բարձրացում չկարողացավ ապահովել: Իսկ նախարարը ձեռքբերումներից է խոսում:
Իհարկե, նման դեպքերում պաշտոնյաները նաև որոշ օրինակներ են բերում, նույնիսկ թվեր են ներկայացնում, բայց դրանք մնում են անտեսված ու անհասկանալի, որովհետև տեսանելի արդյունք չկա: Մարդկանց այսօր առաջնահերթ հետաքրքրում է սոցիալական վիճակի բարելավումը, իսկ դրա համար նախևառաջ պետք է եկամուտների ավելացում: Առանց եկամուտների ավելացման տեսանելի բարելավում չի լինի, որքան էլ ծրագրեր իրականացնեն:
Նախարարն ասում է, թե թոշակները գոնե 15 տոկոս ավելացնելու համար 30 միլիարդ դրամ գումար էր պետք, իսկ 30 միլիարդ իրենք ոչ մի կերպ չկարողացան գտնել ...
Դե, հասկանում ենք, որ եթե չլինեին բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաները ու պետական պաշտոնյաներին սպասարկելու նպատակով մնացած ճոխությունները, միգուցե այդ գումարի մի մասը հավաքվեր, գուցե այլ ճոխություններից ու աննպատակ ծախսերից խուսափելով ամբողջն էլ հավաքեին, չեմ կարող ասել:
Բայց եթե իսկապես ոչ մի տարբերակ չի եղել այդ 30 միլիարդը հավաքելու, ապա, կարծում եմ, գոնե այդ դեպքում կառավարության ներկայացուցիչը պետք է համեստորեն լռի ու խուսափի ինքնագովեստով զբաղվելուց ու ներկայացնելուց, թե ինչ «ձեռքբերումներ» ունեցան: Ախր ձեռքբերումները միայն բառերով ու թվերով չեն լինում, տեսանելի արդյունք է պետք:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան