Ավտովթար Արշակունյաց պողոտայի եւ Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 16-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում կայանված ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 75 TT 700 համարանիշի (վարորդ՝ 42-ամյա Վ. Զ.) եւ «Շեւրոլե» մակնիշի 29 UU 849 համարանիշի (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչից Վ. Զ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ դադարեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը: