Սերգո Կարապետյանը բարձր է գնահատում գյուղացիների քրտնաջան աշխատանքը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընթացիկ տարին բարեհաջող է համարում գյուղատնտեսության համար: Դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նախարարը նշեց, որ կլիմակայական պայմանները նպաստավոր են եղել, ինչի արդյունքում բերքառատ տարի է եղել: «Բայց այս ամենի հետ մեկտեղ ես գնահատում եմ մեր գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետև որքան էլ տարին լավ լինի, եթե մարդիկ չեն աշխատում, մենք չենք կարողանում արդյունք ապահովել: Այնպես որ, ես իմ առաջին գնահատականը տալիս եմ մեր գյուղացիական տնտեսություններին՝ գնահատելով նրանց քրտնաջան աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Անդրադառնալով արդեն 5 տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը նշեց, որ այդ ծրագրերը շարունակական են լինելու: «Դրանք են պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմերի տրամադրումը և սուբսիդավորվող վարկերը գյուղացիական տնտեսություններին: Այս ծրագրերը ևս նպաստել են, որպեսզի գյուղատնտեսությունն ունենա լուրջ առաջընթաց»,- հավելեց Կարապետյանը:
Տարին դեռևս ամփոփված չէ: Առկա են 11 ամսվա արդյունքները: «Հունվար-նոյեմբերի արդյունքներով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով գյուղատնտեսության ոլորտում ունենք 931.4 միլիարդ դրամի համախառն արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 11.6 տոկոսով: Ես կարծում եմ՝ տարվա արդյունքներով շատ բան չի փոխվի: Հնարավոր է լինի որոշակի նվազում կամ ավելացում, որն էական չի լինի»,- ասաց նախարարը: