Վարդենիսում հրազենից վիրավորված 14-ամյա տղայի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են Երեւան
SocietyNews.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 28-ի երեկոյան հրազենային վնասվածք ստացած 14-ամյա Դավիթ Համբարձումյանի վիճակը կայունացել է: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի զինվորական հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը:
Երվանդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տղայի վիրահատությունը լավ է անցել, վիճակը կայուն է եղել եւ նրան տեղափոխել են Երեւան՝ քաղաքացիական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ վնասվել էր երեխայի թոքն ու լյարդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին Դավիթ Համբարձումյանը հրազենային վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հայր եւ որդի Դավիթ եւ Մհեր Համբարձումյանները վիճաբանել են երկու այլ անձանց՝ Ա. Շաբոյանի եւ Պ. Պողոսյանի հետ, որի ժամանակ Մ. Համբարձումյանը տնից վերցրել է ատրճանակը եւ կրակոցներ արձակել, ինչի հետեւանքով վիճաբանությանը ներկա գտնվող վերջինիս անչափահաս որդին ստացել է մարմնական վնասվածք: Մեր տեղեկություններով՝ երկու անձիք, որոնց հետ ծագել է վիճաբանությունը, Մհեր Համբարձումյանի պարտապաններն են եղել, հենց նրանց է ուղղված եղել նրա կրակոցը:
Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: