Սերժ Սարգսյանի այցը Տավուշի մարզ կաթվածահար է արել Նոյեմբերյան քաղաքը
AnalysisԻ տարբերություն հանրապետության այլ քաղաքների` Նոյեմբերյանում առավոտից արտասովոր անդորր է: Եվ պատճառն ամենևին էլ այն չէ, որ նոեմբերյանցիները ժամանակից շուտ են սկսել Ամանորը նշել, այլ այն, որ այդ վայրով երկրի նախագահն է անցնելու:
Նախագահի այց-նվերի մասին նոյեմբերյանցիներն իմացել են առավոտյան ժամը 9.30-ին: Քաղաքում շրջող տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է Տավուշի մարզ և անցնելու է Նոյեմբերյան քաղաքով, իսկ թե երբ, հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Ու արդեն չորս ժամից ավելի է՝ քաղաքում քաոսային իրավիճակ է տիրում: Մարդիկ ոչ միայն չեն կարողանում ազատ տեղաշարժվել, այլև երթևեկել, խանութների մոտ մեքենա կայանել և տոնական գնումներ կատարել: Ինչպես ասում են, օրն արդեն ճաշ է դառնում, բայց նախագահից ո՛չ լուր կա, ո՛չ էլ տեղեկություն այն մասին, թե Նոյեմբերյանը երբ կազատագրվի նմանօրինակ «պաշարումից»:
Փաստորեն, կարելի ասել, որ նման «անակնկալը» երկրի նախագահի ամանորյա նվերն է նոյեմբերյանցիներին, ինչը, սակայն, նոյեմբերյանցիները դեռ երկար ժամանակ չեն կարողանա մոռանալ:
Անվտանգությունն անվտանգություն, բայց անկազմակերպ վիճակի հետևանքով մի ողջ քաղաքի բնակչության համար նման լարված իրավիճակ ստեղծելը և քաղաքի երթևեկությունը կաթվածահար անելն ամենևին էլ ճանապարհային ոստկանության բարձր պատրաստվածության մասին չի վկայում, առավել ևս, որ Նոյեմբերյանի չափերի ցանկացած քաղաքում նախագահի շարասյան համար ճանապարհ բացելն ընդամենը վայրկյանների հարց է: Եվ ի՞նչ մեղք է գործել տեղի բնակիչը, ում անդորրը կա՛մ սահմանից կրակող հակառակորդն է խախտում, կա՛մ էլ երկրի նախագահը: Նման դեպքերում է, որ կամա, թե ակամա կրկին հայացքներս ուղղում ենք խորհրդային ժամանակներ ու ևս մեկ անգամ համոզվում, որ չնայած այդ վայրերով միութենական մասշտաբների մակարդակով շատ ու շատ պաշտոնյաներ են եկել ու անցել, բայց նման թիթիզություն երբեք չի եղել:
Տեղին է ասել նաև, որ մի քիչ համեստությունը, այն էլ Ամանորի նախաշեմին, չէր խանգարի, առավել ևս, որ տոնը բոլորի համար է ու բոլորն էլ իրավունք ունեն բարձր տրամադրությամբ տոնական գնումներ կատարել ու ճանապարհել լարված պահերով լի 2015 թվականը:
Արմինե Գրիգորյան