Առեւանգված հարսնացուն եւ նորապսակների հերթապահությունը. Սրտաբանական ծառայության Նոր տարին
LifestyleՎերջին մի քանի տարվա ընթացքում «Մալաթիա» ԲԿ-ի ինվազիվ սրտաբանության ծառայության պետ Միքայել Ադամյանը չի հիշում որեւէ Նոր տարի, որի ընթացքում իրեն հիվանդանոց կանչած չլինեն:
«Ես հերթապահություն չեմ վերցնում, բայց պատասխանատու եմ այդ ծառայության համար եւ վերջին երեք տարվա ընթացքում չի եղել այնպիսի դեպք, որ ինձ չկանչեն որեւէ արտակարգ առիթի պատճառով: Որպես կանոն, դեկտեբերի 31-ին, մոտավորապես 23.30-ին կամ 23.40-ին զանգ է հնչում», - NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Միքայել Ադամյանը` խոսելով այն մասին, թե ինչպես է Նոր տարին դիմավորում Սրտաբանական ծառայությունը:
Հենց այդ ժամին անցած դեկտեմբերներից մեկի 31-ին հիվանդանոց է հասցվել միջին տարիքի տղամարդ սրտի կաթվածով: Ինչպես պարզվել է, հենց Նոր տարուց առաջ նրա աղջկան էին առեւանգել եւ ծնողի սիրտը չէր դիմացել:
Աղջկան առեւանգած երիտասարդը տեղի ունեցածի մասին իմանալով, նրան հիվանդանոց էր բերել, որպեսզի հայրը համոզվեր, որ նրան բան չի պատահել: «Այնպիսի ներկայացում էր: Աղջկան հետեւի դռնից հիվանդանոց մտցրեցին, որ աննկատ տանեին հոր մոտ: Երբ հորը ստենտ դրեցին, իսկ աղջկա հետ տեսակցությունը կայացավ, երիտասարդը նրան դարձյալ հետ տարավ», - վերհիշում է բժիշկը: «Փաստացիորեն մենք հարսանիքի մասնակիցներ դարձանք: Եվ կարծես աղջիկը դեմ չէր առեւանգմանը», - ժպտալով ասաց նա` հավելելով, որ ամեն ինչ, փառք Աստծու, կարգավորվեց, իսկ մեկ ամիս անց փեսացուն հաշտվեց աներոջ հետ եւ արդեն իսկական հարսանիք արեցին:
Մի անգամ Նոր տարվա գիշերը հերթապահելու թողեցին նորապսակ բժիշկների զույգի: Այսինքն հերթապահությունները հատուկ այնպես բաշխեցին, որ նորապսակները այդ գիշերը միասին անցկացնեն, ճիշտ է` հիվանդանոցում, բայց միասին: Բարեբախտաբար գիշերը հանգիստ անցավ եւ ոչ մեկը նորապսակների տոնը չփչացրեց: «Աստված հոգ տարավ», - համարում է Միքայել Ադամյանը:
Նոր տարվա օրերին հիմնականում սրտաբանական բաժանմունք են հասցվում հիպերտոնիկ նոպաներով եւ սրտի կաթվածներով հիվանդներ, եւ դա կապված է ծանրաբեռնվածության մեծացման հետ` եւ ֆիզիկական. եւ հոգեբանական եւ սննդի առումով: Տխուր է, որ մահացու ելքի դեպքեր են լինում հենց Նոր տարվա շեմին: «Կյանք է, ճակատագիր է, ոչ ոք ապահովագրված չէ», - ասում է բժիշկը:
Բժիշկներն իրար ի՞նչ են մաղթում Նոր տարվա առիթով: «Որ բոլոր հիվանդները իրենց ոտքով տուն գնան», - ասում է Միքայել Ադամյանը: Նրանք, ովքեր տանն են նշում, անպայման խմում են «նրանց կենացը, ով ծովում է»:
Իսկ հիվանդանոցում ինչպե՞ս են նշում Նոր տարին: «Բժիշկների համար, իհարկե, հեռավոր սենյակում հյուրասիրություն է կազմակերպվում: Ինչ վերաբերում է հիվանդներին, նրանց, ում հնարավոր է տուն ուղարկել, մենք դուրս ենք գրում Նոր տարուց առաջ, մնում են միայն ծանր հիվանդները: Եվ մեզ մոտ, որպես կանոն, գիշերվա մեկից հետո սկսում են շտապել ազգականները, որոնք ուզում են նրանց շնորհավորել Նոր տարվա առիթով, հենց նրանք մեզ համար խնդիր են ստեղծում», - ասում է բժիշկը: