Ամանորը սկուտեղը ձեռքին դիմավորող Սյուզին մորը շնորհավորում է միայն քնած ժամանակ
LifestyleԸնտանեկան ջերմ մթնոլորտում հարազատների հետ Ամանորը 22–ամյա Սյուզին վերջին անգամ դիմավորել է 4 տարի առաջ։ Հոր մահից հետո Սյուզին, որը ծնողների միակ զավակն է, շատ հաճույքներից ստիպված եղավ հրաժարվել` փոքրիկ ուրախությունները զոհաբերելով իր գլխավոր նպատակին` բարձրագույն կրթություն ստանալ, լավ մասնագետ դառնալ։
18 տարեկանում մոր հետ Գեղարքունիքի մարզից տեղափոխվեց Երեւան` աշխատելու եւ ուսման համար գումար հավաքելու համար։ Միակ աշխատանքը, որ բազմաթիվ դռներ թակելուց հետո առաջակեցին աղջկան, մատուցողի գործն էր։
Արդեն 4 տարի Սյուզին Ամանորը դիմավորում է սկուտեղը ձեռքին` ապահովելով Նոր տարին ռեստորանում նշող հյուրերի բարձր տրամադրությունը։ Սեփական տրամադրության մասին հոգ տանելու ժամանակ չկա, չնայած կեսգիշերին մորը հեռախոսով շնորհավորելիս ամեն ինչ անում է, որ Երեւանում վարձակալած իրենց բնակարանում միայնակ տխրող մորը ուրախ ձայնով համոզի, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է։
«Հազիվ եմ հասցնում գոնե մամայիս զանգեմ շնորհավորեմ, հասկանամ` ոնց է, փորձում եմ ուրախացնեմ ինչ-որ ձեւով, ինքն ինձ չի ասում, որ մենակ տխրում է, բայց ես հո փո՞քր չեմ, հասկանում եմ ձայնից»,- պատմում է Սյուզին:
Աղջիկը տուն է հասնում հունվարի 1-ի առավոտյան, համբուրում է քնած մորն ու պառկում հանգտանալու` մի քանի ժամից մոր հետ Նոր տարին տոնելու համար:
Չնայած ներկա դժվարություններին, Սյուզին լավատեսությունը չի կորցնում, մյուս տարի արդեն կփորձի դիմել համալսարան` իր երազած թարգմանիչի մասնագիտությունը ձեռք բերելու համար, որպեսզի հետագայում լավ աշխատանք ունենա` հույսով, որ մի օր մոր համար գոնե արժանապատիվ ծերություն կապահովի, իսկ իր ապագա երեխաներին զերծ կպահի իր ունեցած դժվարություններից։