Իրանի միակ փոքրամասնությունն ենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերն Ամանոր ենք նշում. իրանահայ
SocietyՀայկական համայնքն Իրանի Իսլամական Հանրապետության միակ ազգային փոքրամասնությունն է, որ դեկտեմբերի 31-ի գիշերը նշում է Ամանորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի լրագրող Արմինե Էլաջյանը:
«Ազգային հասարակական միությունները դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամը 19:00-ից մինչեւ կեսգիշեր նշում են Ամանորը: Հայերի մի մասն էլ տանն է նշում, քանի որ ինչպես բոլորի համար, մեզ համար էլ Ամանորն ընտանեկան տոն է»,- ասաց նա:
Արմինե Էլաջյանի խոսքով՝ Իրանի հայկական համայնքը պահպանում է բոլոր ավանդույթները եւ մեծ շուքով նշում է նաեւ ազգային կրոնական բոլոր տոները:
«Իրանում մենք ամենամեծաթիվ փոքրամասնությունն ենք: Հայկական համայնքը շատ ավանդապաշտ է եւ պահպանում է բոլոր ավանդույթները, հատկապես ազգային կրոնական: Իրանում շատ են մարդիկ, որոնց մեր տոները հետաքրքրում է, նրանք գալիս են եւ որպես հյուր մասնակցում տոնակատարություններին»,- նշեց նա:
Ըստ վերջին պաշտոնական տվյալների, Իրանում բնակվում է շուրջ 80 հազար հայ: Գործում է մի քանի տասնյակ հայկական դպրոց: Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ են ու առեւտրականներ, կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ: