Օրենբուրգ-Օրսկ ճանապարհին արգելափակված մեքենաներից 84 մարդ է դուրս բերվել. 12-ը ցրտահարվել են
SocietyՌուս փրկարարներին ու կոմունալ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ձյունից ամբողջությամբ մաքրել Օրենբուրգ-Օրսկ մայրուղին ու հասնել այնտեղ արգելափակված ավտոմեքենաներին. հայտնում է vesti.ru-ն:
Այնտեղից տարհանվել է 84 մարդ, նրանցից 12-ը՝ այդ թվում երեխաներ, հոսպիտալացվել են ցրտահարության ախտանիշներով:
Ճանապարհը դեռ փակ է, այն կվերաբացվի միայն եղանակային պայմանների բարելավման դեպքում:
Օդերևութաբանները նշում են, որ ուժգին տեղումների գոտում են հայտնվել Արևելյան Սիբիրից մինչև Կովկաս ընկած տարածքները:
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել նաև Աբխազիայում:
Վրաստանում ևս ձյան առատ տեղումների հետևանքով տասնյակ գյուղերում խափանվել է էներգամատակարարումը: Հազարավոր մարդիկ առանց լույսի են մնացել:
Քամին և ձնակույտերը խոչընդոտում են վերանորոգման աշխատանքներին: Օդերևութաբանները եղանակի բարելավում են կանխատեսում միայն մի քանի օրից: