Վերջին 100 տարում Եվրոպան այսքան սթրեսաշատ օրեր չէր ապրել
AnalysisՃաշակ և որակ թելադրող Եվրոպան երկար ժամանակ Ամանորն այսքան տխուր չէր դիմավորել: Թերևս առաջին անգամ էր, որ եվրոպական միակ ատոմային զենք ունեցող երկիրը՝ Ֆրանսիան, իրեն այդքան անպաշտպան և խոցելի զգաց, Գերմանիան արագացրեց շնչառությունը, իսկ մնացածները շունչները պահած սկսեցին հետևել նրանց քայլերին:
Դրա պատճառները, ի դեպ, թաքնված են ոչ միայն «եվրոպական արժեքներ» ասվածի ներքո խեղկատակության հասնող պահանջներ մշակելու և այլ երկրներին պարտադրելու մեջ, այլև նրանում, որ բարեկեցիկ եվրոպական երկրներն իրականում կորցրել էին իրականությունը զգալու կարողությունը:
2015 թվականի հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականում այն ապտակն էր, որից պետք է ոչ միայն սթափվեին եվրոպական երկրները, այլև արթնանային: Բայց պարզվեց, որ բարեկեցիկ ու ապահով կյանքի թմբիրից արթնանալն այնքան էլ հեշտ չէ, առավել ևս, որ երկար տարիներ այս կամ այն երկրին ոչ միայն ճաշակ, այլև արտաքին ու ներքին քաղաքականություն թելադրողի կարգավիճակ ունեցող գերտերությունները հանկարծ իրենք էին հայտնվել իրենց համար անհասկանալի իրավիճակում:
Երկար ժամանակ պահանջվեց, որ նրանք փորձեն մի կողմ նետել դաստիարակչական երանգներ ունեցող իրենց քաղաքկիրթ ժպիտը և ինչ-որ տեղ սկսեն իրենց սեփական սխալների մասին մտածել: Դրսի աչքը վաղուց էր ֆիքսել, որ Եվրոպան այլևս կորցրել է իր երբեմնի հմայքը, ուր «քաղաքակրթություն» ասվածը հասել էր այն «բարձունքին», որին ուզած, թե չուզած պետք է հաջորդեր դեպի անդունդ գահավիժումը: Բայց այն, որ դա այդքան ցավոտ կլիներ նրանց համար, անկեղծ ասած, դուրս էր շատերի երևակայությունից:
Ինչևէ, սա է այսօրվա Եվրոպան, որը պարտավոր է ոչ միայն լուրջ վերանայել իր կողմից հորինած և խեղկատակության հասնող մոդեռնիստական ուղղվածության «եվրոպական արժեքներ» կոչվածը, այլև հիշել, որ ցանկացած պետություն ինքն է որոշում, թե իր երկրի հետագա զարգացման համար ինչ պետք է անի, ում հետ պետք է քայլի և ինչու:
Արմինե Գրիգորյան