Ադրբեջանական բանակի չոր օրապահիկում հայկական ուտեստ է նախատեսված
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոշորամասշտաբ զինավարժանքներին մասնակցող իր զինծառայողների չոր օրապահիկում նախատեսել է նաեւ հայկական ճաշատեսակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, թուրքական բանակի մասնակցությամբ օրերս Ադրբեջանում անցկացվող զինավարժանքների ժամանակ անձնակազմն առաջին անգամ չոր օրապահիկի տեսքով ստացել է նաեւ կոնսերվացված հայկական տոլմա: Հայկական այդ ազգային ճաշատեսակը ադրբեջանցի եւ թուրք զինծառայողները ճաշակել են սմբուկով, լոլիկով, պղպեղով եւ կաղամբով պատրաստված տեսքով:
Ադրբեջանի ՊՆ-ում համոզված են, որ հայկական այդ ճաշատեսակը բարձրացնում է զինվորներին տրվող սննդի էներգետիկ արժեքը:
Հայկական տոլմա ճաշատեսակի անվանունը ծագում է հին հայերեն «տոլ»' «խաղողի տերեւ» եւ «լցոնել» բառերից: Հայաստանում հնում տարածված են եղել խաղողի տերեւով փաթաթված, ինչպես նաեւ տարբեր բանջարեղենի եւ մրգերի մեջ լցոնված տոլմայի տեսակները, որոնք պատվավոր տեղ են զբաղեցնում նաեւ ժամանակակից հայկական խոհանոցում: