Ովքե՞ր են ամենից հաճախ հիվանդանում բոտուլիզմով
Lifestylemed.news.am-ը գրում է.
Ամենից հաճախ բոտուլիզմով հիվանդանում են անապահով ընտանիքների անդամները: Ընդ որում այդ հիվանդների մեծամասնությունը Երեւանի շրջաններից է, իսկ Երեւանից նման մարդիկ շատ քիչ են: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Հենց թունաբանության բաժանմունքում, որտեղ նա աշխատում է, որպես կանոն բերում են բոտուլիզմով, ինչպես նաեւ սնկային եւ ալկոհոլային թունավորմամբ հիվանդներին:
Բոտուլիզմը ծանր թունա-վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է այն տոքսինների պատճառով, որոնք արտադրվում են Clostridium botulinum մանրէի կողմից այնպիսի միջավայրում, որտեղ թթվածնի փոքր քանակություն կա: Բոտուլիզմի հիմնական աղբյուր են համարվում տնական պահածոները:
Մասնագետի խոսքով, բոտուլիզմով հիվանդների թիվը վերջերս սկսել է նվազել, ինչը չի կարող չուրախացնել բժիշկներին: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայերը սկսել են տանն ավելի քիչ պահածո պատրաստել: Ոչ, բոլորովին, պնդում է գլխավոր թունաբանը: Ուղղակի բոտուլիզմի մասին տեղեկությունները, նրա խոսքով, վերջին տարիներին նվազել են եւ մարդիկ սկսել են պահածո պատրաստելիս ավելի ուշադիր վերաբերվել հիգիենային եւ տեխնիկական պայմաններին:
Բացի այդ, հայկական խանութներում այսօր շատ են գործարաններում պատրաստված պահածոները, որոնք, ի տարբերություն տնականների, անվտանգ են: Շատ մարդիկ այսօր նախընտրում են նման պահածոներ գնել, ոչ թե տանը պատրաստել դրանք: