Իրականում ես ահավոր ձանձրալի մարդ եմ. Ռոեն Ատկինսոնն այսօր դարձավ 61 տարեկան
LifestyleԱյսօր ծննդյան 61-ամյակն է նշում բրիտանացի կատակերգու եւ սցենարիստ Ռոեն Ատկինսոնը: Ատկինսոնին մարդիկ առավել ճանաչում են որպես Միստեր Բին (Mr Bean)` հումորային կերպար, որին շատ հաջող կերպով մարմնավորում էր դերասանը:
Ռոենը նկարահանվել է «Միստեր Բինի արձակուրդը», «Գործակալ Ջոննի Ինգլիշ», «Սկուբի-Դու», «Կախարդները» եւ այլ հայտնի ու սիրված ֆիլմերում:
Ինչպիսի՞ն է սիրված կատակերգուն իրական կյանքում: Փորձենք պարզել նրա արտահայտած մտքերի միջոցով.
«Որքան մեծանում ես, ավելի շատ ես համոզվում, թե որքան է պատահականությունը օգնում, որ կառուցես քո կյանքի ճանապարհը»:
«Ես ծիծաղելի եմ միայն բեմում: Կյանքում ծիծաղելի եմ եղել միայն 12 տարեկանում` համադասարանցիներիս համար»:

«Ոչ, ես հաճույք չեմ ստանում աշխատանքից. Ոչ թե նրա համար, որ ծույլ մարդ եմ, պարզապես, դա ահավոր ստրեսային է»:
«Միստեր Բինը ժամանակ չճանաչող կերպար է: Բայց ես կցանկանայի, որ նրան հիշեին 30 եւ 40 տարեկանում, ոչ ավել»:
«Ծիծաղաշարժ բաներ ինձ հետ հաճախ չեն պատահում: Ես բնատուր կատակերգու չեմ: Երկար եմ մտածում, մինչեւ որեւէ բան անելը»:
«Մարդիկ կարծում են` եթե ես կարողանում եմ նրանց ծիծաղեցնել ֆիլմերում, իրական կյանքում էլ կկարողանամ: Պետք է հիասթափեցնեմ. Իրականում ես ահավոր հանգիստ եւ ձանձրալի մարդ եմ»:
«Ես միշտ մտածում եմ, որ ավելի լավ կարող էի անել այն, ինչ արել եմ: Կարծում եմ` դա է կատարելությունը»:
«Ես ինձ համարում եմ տեսանելի կատակերգու, ոչ թե ֆիզիկական»: