«Մուսալեռ»-ում տեղի ունեցածի գործով մեղադրյալ կա. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում սպանության մասին
SocietyՀայաստանի Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության մասին:
ՔԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում այսօր որոշում է կայացվել 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թ. հունվարի 6-ին, ժամը 00:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդներ կոպտորեն խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի եւ Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաեւ՝ վերջինիս կանչով համալիր եկած Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ:
Նախնական քննության տվյալներով` վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա.Բաբայանը, իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Ա.Կարապետյանի եւ Ա.Խլղաթյանի ուղղությամբ: Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաեւ Ս.Խլղաթյանի ուղղությամբ եւ փորձել կրակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես` ատրճանակը խափանվելու հետեւանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչն այսօր որոշում է կայացրել՝ Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդեվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 10-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել՝ Ա.Բաբայանին եւ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: