Եթե կանգնեմ ընտրության առջեւ, միանշանակ կընտրեմ ընտանիքս. Անահիտ Կիրակոսյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին հեռուստադիտողը շատ լավ է ճանաչում իր կերտած հումորային կերպարների շնորհիվ: Սկզբում Անահիտը հանդես եկավ «Բանակում» հեռուստասերիալում, այնուհետեւ նույն կերպարը զարգացրեց նաեւ «Քաղաքում» հեռուստասերիալում: Այժմ դերասանուհին իր տաղանդով եւ հումորով փայլում է «Խոպանի տեսություն» սիթքոմում: NEWS.am STYLE-ը զրուցել է սիրված դերասանուհու հետ` պարզելու, թե ինչպես է կարողանում համատեղել ակտիվ նկարահանումներն ու ընտանեկան կյանքը եւ արդյոք չի՞ ցանկանում հանդես գալ այլ կերպարներով եւս.

-Անահիտ, ի՞նչ ձեռքբերումներ ունեցար 2015 թ-ին:
-Ինձ համար անցած տարին, հատկապես, կարեւորվեց նրանով, որ որդիս գնաց մանկապարտեզ եւ արտասանեց իր առաջին բանաստեղծությունը… :)
-Ի դեպ, բավականին ակտիվ գործունեություն ես ծավալում` որպես դերասանուհի: Հե՞շտ ես կարողանում համատեղել մասնագիտությունն ու ընտանեկան կյանքը:
-Հեշտ կյանքում ոչինչ չի լինում: Իհարկե դժվար է համատեղել եւ աշխատանքը, եւ ընտանիքը, եւ մայր լինելը, բայց ես առաջնորդվում եմ Սեւակի խոսքերով. «Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճանփա շինել…»: Ես սիրում եմ ակտիվ լինել, իսկ ընտանիքս միշտ կողքիս է եւ օգնում է, որ հասցնեմ ամեն բան:

-Այնուամենայնիվ, կա կարծիք, թե դերասանուհիները մի օր պիտի բախվեն այս ընտրությանը` ընտանիք, թե՞ կարիերա...
-Չեմ կարծում, թե երբեւէ կհայտնվեմ ընտրության առջեւ… Արդեն չորս տարի է` ամուսնացած եմ, բայց ամուսինս երբեք չի խոչընդոտել աշխատանքիս: Ընդհակառակը` նա միշտ կողքիս է եւ քաջալերում է ինձ: Ցանկացած առաջարկ, դեր, նկարահանում միասին ենք քննարկում: Բայց եթե մի օր ստիպված լինեմ ընտրություն կատարել, միանշանակ, կընտրեմ ընտանիքս` կյանքում ամենաթանկ բանը, որ ունեմ:

-Հեռուստատեսությամբ քեզ հիմնականում հումորային կերպարներում ենք տեսնում: Հետաքրքիր է` այլ ժանրում ցանկություն չունե՞ս ներկայանալու:
-Այո, չգիտես` ինչու ինձ միշտ հումորային կերպարներում են տեսնում: Ես սիրում եմ կերպարանափոխվել: Թատրոնում մեծամասամբ դրամատիկ ու լուրջ դերեր են վստահում ինձ: Շատ կցանկանայի որեւէ գեղարվեստական ֆիլմում էլ բացարձակ այլ` լուրջ կերպարով ներկայանալ:
-Անահիտ, իսկ այս տարի ի՞նչ նորություններ են սպասվում քո կողմից:
-2016-ին կշարունակեմ ներկայանալ` որպես հաղորդավարուհի եւ խաղալ Կամերային երաժշտական թատրոնում: Նոր առաջարկներ էլ են սպասվում, սակայն առայժմ դրանք մանրամասնել չեմ ցանկանում:)
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի Facebook-ի էջից