Սեռական կյանքով ապրող երիտասարդների ու անչափահասների թիվը մեծացել է, աբորտներինը՝ նվազել
AnalysisՀամացանցում շրջանառվում են հոդվածներ և սոցիալական հոլովակներ՝ աբորտների աղմկահարույց թվերի ու մասնավորապես այն մասին, որ սելեկտիվ աբորտների հետևանքով Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ երեխա: Նախ՝ անհասկանալի է այն վիճակագրությունը, թե ինչպես են որոշել, թե մոտ 6000 աբորտներից որն է սելեկտիվ, որն է սոցիալական իրավիճակի, պատահական սեռական կապը թաքցնելու և այլ պատճառներով: Տպավորություն է, որ դրամաշնորհ է ստացվել հենց սելեկտիվ աբորտների թեմայով ու ինչ որ թիվ պետք էր պարզապես ֆիքսել
Հայաստանում 100 աղջկա դիմաց 112 տղա է ծնվում։ Ըստ նորմայի, 100 աղջկա դիմաց պետք է 106 տղա ծնվի։ Եթե անգամ համարենք, որ տղաների պլյուս 6 թիվը սելեկտիվ աբորտի հետևանք է և բնության միջամտությունն այստեղ զրոյական է (ինչը պնդելը, պարզից էլ պարզ է, անմտություն է), ապա այս պարագայում սելեկտիվ աբորտների թիվը չպետք է գերազանցի 1160-ը: Իսկ եթե դատենք տրամաբանությամբ՝ այդ թիվը շատ ավելի փոքր է: Ճիշտ հասկացեք, ցանկացած աբորտ վատ է և աղետալի, սակայն թվերի հետ չի կարելի խաղալ: Պետք է կենտրոնանալ ոչ միայն սելեկտիվ աբորտների խնդրին, ինչը այդ պահին միգուցե դրամաշնորհային առաջնահերթություն է, այլ աբորտներին ընդհանրապես, ինչը աղետալի է Հայաստանի նման ծերացող երկրների համար:
Սակայն այս միտումը հետխորհրդային շրջանում չէ, որ առաջացել է, շատերը կհիշեն դեռ խորհրդային տարիներին մեծերի կատակը՝ այ տղա պսակվի, էս երկրում ամեն տղու 7 աղջիկ ա հասնում: Ասել, որ ծնելիության այդպիսի տարբերությունը այս տասնամյակներում դեմոգրաֆիական աղետի է հասցրել՝ սխալ կլիներ:
Ինչ վերաբերվում է աբորտներին, ապա հիմա ապշեցուցիչ վիճակագրություն կասեմ: Եթե 80-90 ական թվականներին աբորտ-ծնունդ հարաբերակցությունը հավասար է եղել` մեկ երեխայի ծնունդ-մեկ աբորտ, ապա այսօր 5 ծննդին մեկ աբորտ է ընկնում: Սա կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ իրազեկման մակարդակի բարձրացում, պաշտպանական միջոցների մասսայականացում և այլն, սակայն սրան պետք է հակադրել նաև այն, որ անկախության շրջանում սեռական կյանքով ապրող երիտասարդների ու անչափահասների թիվը անհամեմատ մեծացել է, ինչը պետք է բերեր աբորտների թվի ավելացման:
Բարեբախտաբար, ընդհակառակը, անկախ Հայաստանում այդ թիվը նվազել է: Թվում էր, թե երկաթե վարագույրի բացվելուց հետո իրավիճակը ավելի աղետալի է լինելու, սակայն հակառակ պրոցեսը տեղի ունեցավ՝ աբորտները նվազեցին: Դեմոգրաֆիական բալանսի խախտման մասին անիմաստ է խոսելը, ուղղակի պետք է կոչ անել՝ ամեն երեխա հրաշք է յուրովի ու ունի ծնվելու իրավունք...
Աղետը բնակչության թվի նվազեցումն է ընդհանրապես, հարգելիներս...
Մի սպանեք...
Վարուժան Բաբաջանյան