Խումհարից հետո
AnalysisԱմանորյա տոներն ու հետտոնական խումհարն այլևս հետևում են:
«Աշխատանքային տարին սկսված է բոլորի համար: Իշխանության համար տարին խոստանում է լինել ոչ պակաս ժրաջան, քան նախորդն էր, հայաստանյան ընդդիմության կամ ընդդիմադիրների համար տարին կարծես թե սկսվում է առավել թեժ, քան նախորդն էր»:
Ցավոք, հայաստանյան հետտոնական իրականությունը որևէ հիմք չի տալիս նման ձևակերպումներով սկսել անդրադարձ 2016-ի առաջին տասը օրերին: Վերջին տասնօրյակում մեր լրատվամիջոցները վերուվար արեցին բոլոր հնարավոր, հայտնի ու հիմնականում անհայտ «հայտնիների» սոցցանցային լուսանկարները, «խորհրդավոր» ու «խորախորհուրդ» գրառումները: Հասկանալի է, տոնական օրեր էին:
Երբեմն, սակայն, այնպիսի տպավորություն էր, թե տոնական օրերին երկրում հասարակական-քաղաքական կյանքը կանգ է առել: Այս տոնական կանգառը խաթարվեց միայն Ամանորի գիշերը մի խումբ «ահաբեկիչների» կողմից Ազատության հրապարակում «պայթյունավտանգ» տոնածառի տեղադրման փորձով, որը, սակայն, ձախողվեց մեր ոստիկանական ուժերի փառահեղ գործողության շնորհիվ:
Արդյունքում ձերբակալվեց ամենաակտիվ «ահաբեկիչներից» Գևորգ Սաֆարյանը: Այո, չզարմանաք, մոտավորապես հենց այսպիսի բովանդակություն ունեն իրավապահ մարմինների մեկնաբանությունները Ամանորի գիշերն Ազատության հրապարակում կատարված իրադարձություններին: Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, Շանթը քաղբանտարկյալ է, արդյոք …
Մենք բոլորս ենք քաղբանտարկյալ և նույնիսկ քաղ չէ, այլ վերածվում ենք բանտարկյալների հասարակության: Ովքե՞ր են զոհերը՝ ակտիվիստները, ակծիվիստները, քսանամյա ծեծված աղջիկներն ու քառասնամյա ընտրակեղծարար ու անբավարարված տնօրեն տիկնայք: Դժվար է ասել: Մեկ բան առավել քան պարզ է: 1960-1970-ական թվականներին Խորհրդային Միություն կոչված ամբողջատիրական հսկայական կայսրությունում մի քանի տասնյակ քաղաքացիներ վաստակեցին այլախոհ կամ դիսիդենտ՝ այն ժամանակի համար արհամարհական մականունը: Կայսրությունը փլուզվեց, այլախոհները դարձան ժամանակի հերոսները և սրանով ավարտվեց այլախոհների ու նրանց հերոսացման ժամանակը:
Արդյոք հիմա, 2016-ի Հայաստանում «Նոր Հայաստանը» կերտելու են հատուկենտ այլախոհները: Ոչ, կրկին անգամ ոչ, պետք չէ նոր Հայաստան, քանի որ դեռ չկա հին Հայաստանը: Քառատված ընդդիմությունը պայքարում է հակասող բևեռներում և այդ պայքարին միակուռ վարչակարգը ամեն քայլափոխի հակադրում է տասնյակ հակաքայլեր: Արդյունքը ոչնչացնում է հասարակությանը՝ որպես կենդանի մարմին, սակայն դա այն է, ինչին ձգտում է ռեժիմը, որն այլևս խուճապի մեջ չէ:
Անկախ հռչակված պետականության մեջ, որտեղ անվանական մակարդակում կա մի քանի տասնյակ կուսակցություն, այլախոհությունը անհատի և քաղաքացու ողբերգությունն է: Այլախոհությունը չի կարող ոչ միայն քայքայել վարչակարգը, այլև ձևախեղում է բուն պայքարի թիրախն ու նպատակը: Արդյունքում այն մի խումբ քաղաքացիները, ովքեր նախընտրում են հանուն «ռեժիմի» ոչնչացման Ամանորն անցկացնել Ազատության հրապարակում՝ որպես պայքարի խորհրդանիշ և որի համար ձերբակալվում կամ բռնության են ենթարկվում, ակամայից փոխում են գաղափարական պայքարը վարչակարգի հակաքայլերի հետևանքների դեմ պայքարելու համար:
Այո´, Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, բայց մինչ նա քաղբանտարկյալ էին շատ ուրիշները, և որպեսզի այլևս չլինեն քաղբանտարկյալներ, պետք է գիտակցել,որ համակարգի դեմ պայքարում են համակարգով և ոչ թե մի խումբ այլախոհներով, որոնք շատ արագ դառնում են քաղբանտարկյալներ:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան