Վերին Լարսում մաքսային ձևակերպման գործընթացը պետք է արագացվի
SocietyԳործադիրը խախտեց վերջին տարիներին ձևավորված ավանդույթը, երբ ոչ միայն Կառավարությունը, այլև ամբողջ երկիրը մինչև հունվարի կեսերը գտնվում էր հետնորտարյա արձակուրդում: Այս տարի Կառավարությունը հունվարի 4-ից սկսած ակտիվորեն սկսել է աշխատել՝ քննարկվել է հանրապետությունում ճանապարհների անցանելիության հետ կապված իրավիճակը, հավանություն է տրվել արտահանման խթանման խորհուրդի ստեղծմանը, վարչապետը հանդիպել է ֆրանսիական Realease ընկերության նախագահին, որտեղ քննարկել է քաղաքաշինության և ենթակառուցվածների զարգացման ներդրումային ծրագրեր: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև ՌԴ տրանսպորտի նախարարին:
Այս հանդիպման ամենակարևոր կետը, թերևս այն է, որ ոուսաստանցի նախարարի հետ քննարկվել է Վերին Լարսի անցակետում մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդիրը: Խնդիրը այն է, որ այժմ էլ հայկական բեռնափոխադրողները բախվում են բազմաթիվ խնդիրների՝ ստիպված լինելով օրեր շարունակ այդ անցակետում սպասել իրենց հերթին։
Փաստորեն ԵՏՄ-ին անդամակցվելուց հետո էլ, այս խնդիրը ամբողջովին չկարգավորվեց: Հայ արտահանողների համար Վերին Լարսում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ՝ պայմանավորված եղանակային, տեխնիկական և բյուրոկրատական գործոններով: Վերջին երկու գործոնները իրենց հերթին պայմանավորված են ոչ այնքան վրացական կողմի, որքան ռուսական կողմի մեղքով: Եթե տեխնիկական խնդիրների լուծումը պայմանավորված է ռուսական կողմում բեռների բացթողման տեխնիկական հզորությունների ընդլայնման և ճանապարհային անցումների լայնացման աշխատանքներով, ապա բյուրոկրատական խնդիրները՝ հայկական բեռների մաքսազերծման ոչ պարզ արարողակարգով:
Դեռևս նախորդ տարի նախատեսված էր, որ Հայաստանից արտահանվող բեռների համար կբացվի այսպես կոչված «կանաչ միջանցք», որտեղ արագացված ընթացակարգերով իրականացվի հայկական բեռների սպասարկումը։ Սակայն, մինչ հիմա, հայկական բեռները անցնում են մաքսազերծման այն նույն արարողությունները, ինչպես թուրքական բեռները և արդյունքում հայկական բեռնատարերը կուտակվում են այս սահմանային անցակետում: Այս ձգձգումները անընդունելի են հայկական կողմի համար և պատահական չէ, որ ռուսաստանցի պաշտոնյայի հետ բարձրացվել է այս հարցը և հուսով ենք, որ Ռուսաստանը արագ ընթացք կտա այս խնդիրների լուծմանը: